Ո՞ր մարմինն է պատասխանատու ՔԿԱԳ գործունեության համար. Ե՞րբ դիմել Արդարադատության նախարարություն

19/08/2022

Հաշվի առնելով քաղաքացիների շրջանում պարբերաբար ծագող թյուրըմբռնումներն Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության կարգավիճակի և գործառույթների շրջանակի վերաբերյալ` տեղեկացնում ենք հետևյալը.
 
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը կազմակերպվում է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և ՀՀ ողջ տարածքում գործող ՔԿԱԳ սպասարկման գրասենյակների միջոցով։ Տարածքային սպասարկման կենտրոնները տեխնիկապես ընդունում են քաղաքացիների դիմումները և տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունն իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը։
 
ՀՀ տարածքում գործող ՔԿԱԳ տարածքային սպասարկման գրասենյակները դեռևս 2003 թվականից Կառավարության որոշմամբ հանձնվել են համայնքների ենթակայությանը, ինչը նշանակում է, որ քաղաքային համայնքներում գործող ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ընթացիկ գործունեության համար պատասխանատուն տվյալ համայնքն է. Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, իսկ մարզերում՝ քաղաքային համայնքները։ Այսպիսով, եթե տարածքային սպասարկման կենտրոնների սպասարկման որակի վերաբերյալ առկա են դիմումներ, բողոքներ և առաջարկություններ, անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքի համայնքապետարան:
 
Արդարադատության նախարարություն պետք է դիմել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման արդյունքում տրամադրված փաստաթղթերի, տեղեկանքների բովանդակության, ինչպես նաև Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող ՔԿԱԳ սպասարկման գրասենյակների աշխատանքների վերաբերյալ հարցերի դեպքում:
 
Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող ՔԿԱԳ սպասարկման գրասենյակներ են՝
1. Արդարադատության նախարարության ընդունարան (ք.Երևան,Վազգեն Սարգսյան3/8),
2. Երևան քաղաքի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի ՔԿԱԳ սպասարկման կենտրոն (ք.Երևան,Վազգեն Սարգսյան 3),
3. Երևան քաղաքի Էրեբունի 6/1 հասցե՝ Մահվան վկայականների տրամադրման մասով,
4. Գյումրու հանրային ծառայությունների միասնական գրասենյակի ՔԿԱԳ սպասարկման կենտրոն (ք.Գյումրի,Կայարանամերձ հրապարակ),
5. Իջևանի հանրային ծառայությունների միասնական գրասենյակի ՔԿԱԳ սպասարկման կենտրոն (ք.Իջևան, Երևանյան 10)։