Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության գործարկման համար շահագործվելու է 140 ավտոմեքենա

29/03/2022

Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են: Պատասխանատու գերատեսչությունները վստահեցնում են, որ ապրիլի կեսերին պարեկային ծառայությունը նշված մարզերում կգործարկվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն իրականցվում են տարբեր ուղղություններով՝ շենքային պայմանների բարելավում, նյութատեխնիկական համալրում: Կարևոր բաղադրիչներից է նաև կրթական պրոցեսը:

«Կրթական բաղադրիչը ևս վերջնական փուլում է: Առաջիկայում ավարտական քննություններն են, որոնց հետևելու են միջազգային գործընկերները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:  Սա միտված է լավագույնս ապահովելու կրթական պրոցեսի անաչառությունը»,-ասաց Արփինե Սարգսյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ շենքերի, շինությունների վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում: Հաջորդ շաբաթ վերջնական աշխատանքները կավարտվեն ու կտեղադրվի անհրաժեշտ գույքն ու տեխնիկան:

«Հարյուր ավտոմեքենա արդեն գտնվում է Հայաստանում, ևս 40-ը ճանապարհին է: Ռուսաստանի և Վրաստանի սահմանային հատվածում եղանակային պայմաններից ելնելով մի փոքր ձգձգվում էր այդ 40 ավտոմեքենայի ներկրման հարցերը, սակայն արդն լուծվել է և առաջիկա օրերին դրանք ևս կլինեն Հայաստանում»,-ասաց Արա Ֆիդանյանը:

Ինչ վերաբերում է կադրերին, ապա Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ այս պահին վերապատրաստում է անցնում 549 թեկնածու: Քննությունները հաջողությամբ անցնելուց հետո հիմնական մասը կնշանակվեն Լոռու և Շիրակի մարզերի համապատասխան ստորաբաժանումներում, մի մասն էլ կհամալրեն Երևանի պարեկային ծառայությունը:

 Սկզբնաղբյուրը՝ այստեղ