Աշխատաժողով՝ «Թափանցիկությունը և հանրային մասնակցությունը օրինաստեղծ գործընթացում» թեմայով

16/07/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը հուլիսի 14-ին մասնակցել է «Թափանցիկությունը և հանրային մասնակցությունը օրինաստեղծ գործընթացում» թեմայով երկօրյա աշխատաժողովին, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ:

 Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են օրինաստեղծ գործընթացում արդյունավետ հանրային մասնակցությունը, թափանցիկությունը և հասանելիությունն ապահովելու և բարելավելու ձևերին, որոշումների կայացման և օրինաստեղծ գործընթացի ազդեցությունը կրող շահագրգիռ կողմերի ներգրավման հնարավորություններին, ինչպես նաև այդ գործընթացում փորձագետների ներգրավման ու նրանց մասնակցության ինտեգրման անհրաժեշտությանը:

 Աշխատաժողովը վարել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը:

 Քննարկվող թեմաների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրավիրված փորձագետներ Ավստրիայի «Go Governence Institute»-ի տնօրեն դոկտոր Մելանիե Սալին, ԺՀՄԻԳ-ի օրենսդական բաժնի ներկայացուցիչ Եվգենիա Ավետիսովան և Խորվաթիայի ՀԿ-ների հետ համագործակցության պետական գրասենյակի խորհրդատու Սանդրա Փերնարը:

 Քննարկմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ ՈՒիլիամ Հանլոն, ինչպես նաև «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ, «Թրանսփերանսի ինթերնեյշնլ», «Ընտրական ժողովրդավարության կենտրոն», «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա» և այլ կազմակերպությունների ու ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ: