Քաղաքացիների ընդունելության արդյունքները

22/04/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի քաղաքացիների ընդունելության օր է:

Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը 2015 թվականի առաջին եռամսյակում ընդունել է 63 քաղաքացու:

 Նրանց դիմումներն ու հարցումները վերաբերել են թե՛ ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային, թե՛ առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին: Դիմողների մեջ եղել են նաև աշխատանքի ընդունվել ցանկացողներ, որոշ դեպքերում էլ մարդիկ դիմել են օրենքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:

 Ընդունելության հրավիրված քաղաքացիների մի մասի խնդիրները տեղում լուծում են ստացել, որոշ դիմումների մասով ընթացք տալու հանձնարարականներ են տրվել:

 Եղել են նաև դիմումներ, որոնք դուրս էին նախարարության գործառույթներից.դրանց վերաբերյալ տրվել են ուղղորդող պատասխաններ:

 Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները, շփոթելով դատական իշխանության և Արդարադատության նախարարության գործառույթները, դատական ակտի հետ չհամաձայնելով, իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով իրենց աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցերով։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ:

 Արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր երկուշաբթի, ժամը 16:00-ից սկսած: Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 010 38 02 23 հեռախոսահամարով: