Հայտարարություն` Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման մասին

15/06/2023

Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման մասին
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգմանը (այսուհետ՝ որակավորման ստուգում) մասնակցելու  համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ կամ դիմումատու), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հունիսի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 334-Լ հրամանով հաստատված N 1 հավելվածով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթաց:
Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված հանված չէ:
Դիմումատուն որակավորման ստուգմանը մասնակցելու համար առձեռն արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն.
2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.
4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը.
5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը.
6) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն դատվածության բացակայության մասին։
Փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին:
Որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստավորման միջոցով։
Թեստային առաջադրանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 5 հարց.
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք - 15 հարց.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք - 10 հարց.
4) Հոգեբանություն - 30 հարց.
5) «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա - 5 հարց.
6) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 5 հարց.
7) ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններն անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ») - 5 հարց.
8) Անչափահաս տուժողների և վկաների հարցերով արդարադատության ՄԱԿ-ի ուղեցույց - 5 հարց:
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09։30-12։30 և 14։30-17։00։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է  2023 թվականի հուլիսի 6՝ մինչև ժամը 17:00-ն:
Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին դիմորդները կիրազեկվեն որակավորման ստուգման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ դիմումի մեջ նշված  էլեկտրոնային փոստի հասցեով:
Դիմորդների մուտքը քննասենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին N 847-Ն որոշմամբ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (010) 59-40-81 հեռախոսահամարով։