Դեպի վեր

08/04/2013

«Տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը և հայցվող գործողության տեսակից կախված՝ լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը սահմաներում մասին» ՀՀ կառավարության որոշումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1274-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ՝ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) «տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հայցվող գործողության տեսակից կախված՝ լրացման ենթակա հավելյալ տվյալների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 12

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1274-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների) պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման համար փաստաթղթերի պատճենները տեղեկատվական համակարգի միջոցով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն) նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը և առանձնահատկությունները։

2. Դիմողը, մինչև պետական գրանցման կամ պետական հաշվառման համար գործակալություն դիմելը, կարող է պետական գրանցման կամ պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները ներկայացնել գործակալություն՝ նախնական ուսումնասիրության համար: Փաստաթղթերի պատճենները նախնական ուսումնասիրության ներկայացնելու համար դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են գործակալության պաշտոնական կայքի (www.e-register.am) միջոցով։

3. Դիմողն ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի պատճենները պատկերամուտի միջոցով արված «PDF» ձևաչափի ֆայլերի տեսքով ներկայացնում է գործակալություն՝ պաշտոնական կայքում գրանցվելուց հետո։

4. Գործակալությունն ապահովում է դիմողի գրանցման էլեկտրոնային դիմումների ընդունումն օրվա ցանկացած ժամի։ Ոչ աշխատանքային օրերին ներկայացված դիմումները համարվում են ներկայացված՝ դրանց հաջորդող աշխատանքային օրը։ Ժամը 18.00-ից հետո ներկայացված դիմումները համարվում են ներկայացված՝ դրան հաջորդող աշխատանքային օրը:

5. Տեղեկատվական համակարգը հնարավորություն է ընձեռում պահպանելու լրացված և կցված տեղեկությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու դրանք՝ մինչև դիմումը հանձնելը։

6. Գործակալության համապատասխան աշխատողը փաստաթղթերի պատճենները նախնական ուսումնասիրության ներկայացնելու մասին դիմումն ստանալուց՝ 2, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձի պետական գրանցման, ոչ առևտրային իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման հետ կապված փաստաթղթերի պատճենները նախնական ուսումնասիրության ներկայացնելու մասին դիմումն ստանալուց՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է այդ փաստաթղթերի ամբողջականությունը և բովանդակային համապատասխանությունը:

7. Տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու համար վճարվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պետական գրանցման կամ պետական հաշվառման համար սահմանված չափով: Պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով դիմումի հետ միասին ներկայացվում է գործակալություն:

8. Գործակալության համապատասխան աշխատողը փաստաթղթերում սխալներ կամ բացթողումներ հայտնաբերելու դեպքում նշում է բոլոր սխալներն ու բացթողումները և համապատասխան փաստաթղթերը վերադարձնում դիմողին՝ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար: Փաստաթղթերը դիմողին ուղարկվում են նրա ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի են դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Դիմողը 30 օրվա ընթացքում կարող է ուղղել սխալներն ու բացթողումները և կրկին ներկայացնել՝ առանց համապատասխան պետական տուրք վճարելու: Եթե կրկին ներկայացված փաստաթղթերում ևս առկա են սխալներ կամ բացթողումներ, որոնք կրկին վերադարձվում են դիմողին, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ փաստաթղթերը կրկին ներկայացնելու դեպքում դիմողը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սխալները կամ բացթողումներն առկա էին նաև առաջին անգամ ներկայացված փաստաթղթերում, սակայն գործակալության համապատասխան աշխատողը դրանց վերաբերյալ նշում չէր կատարել:

10. Դիմողը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ գործակալության համապատասխան աշխատողի պատասխանի ստացման պահից 30 օրվա ընթացքում ներկայանում է գործակալության համապատասխան սպասարկման գրասենյակ, ստորագրում է էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի՝ գործակալության համապատասխան աշխատողի տրամադրած թղթային տարբերակները: Նշված ժամկետում դիմողի չներկայանալու դեպքում նրա կողմից ներկայացված փաստաթղթերը տեղեկատվական համակարգի կողմից չեն պահպանվում: Եթե փաստաթղթերը պետք է ստորագրվեն նաև այլ անձի կողմից, ապա վերջինս դիմողի հետ ևս ներկայանում է գործակալություն՝ համապատասխան փաստաթղթերը տեղում ստորագրելու նպատակով:

11. Փաստաթղթերի ստորագրումից հետո գործակալության սպասարկման գրասենյակի աշխատողի կողմից կատարվում են պետական գրանցման (հաշվառման) հետ կապված՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները:

12. Եթե գործակալության համապատասխան աշխատողը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան փաստաթղթերը չի վերադարձնում դիմողին՝ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար, ապա համարվում է, որ ներկայացված փաստաթղթերում սխալներ և բացթողումներ առկա չեն, և դիմողը համապատասխան փաստաթղթերը սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետներում, առանց կրկին պետական տուրք վճարելու, ներկայացնում է գործակալության համապատասխան սպասարկման գրասենյակ՝ համապատասխան պետական գրանցում կամ հաշվառում կատարելու համար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1274-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻՑ ԿԱԽՎԱԾ՝ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՎԵԼՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներկայացվող դիմումներում, բացի օրենքով նախատեսված տվյալներից, լրացման ենթակա են հետևյալ տվյալները՝

1) գործունեության տեսակը.

2) գործունեության վայրի հասցեն.

3) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

 

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն