Դեպի վեր

10/02/2005

ՀՀ կառավարության որոշումը հարկադիր կատարողների վերապատրաստում եվ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին


«Վավերացնում եմ
» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 154-Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 17
Երևան

 
 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 154-Ն որոշման

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 
ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակահատվածում պահպանվում է հարկադիր կատարողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս (Հայաստանի Հանրապետության այլ մարզերում կամ օտարերկրյա պետություններում) վերապատրաստման դեպքում սահմանված կարգով տրվում է նաև փոխհատուցում:

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ 
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

4. Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման խմբերի կազմը և ուսումնական ծրագրերը:

5. Հարկադիր կատարողի վերապատրաստումն ու հատուկ ուսուցումն անցկացվում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կամ օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի համաձայն:

(5-րդ կետը լրաց. 31.05.07 N 641-Ն)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 31.05.07 N 641-Ն)

III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ 
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(Վերնագիրը լրաց. 31.05.07 N 641-Ն)

7. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի վերապատրաստման և հատուկ ուսուցում անցնելու ժամանակ համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են մատյաններ, որոնցում նշվում է ներկա կամ բացակա լինելը: Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում հարկադիր կատարողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

(7-րդ կետը լրաց., փոփ. 31.05.07 N 641-Ն)

8. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկադիր կատարողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական՝ առանց ստուգարք անցկացնելու:

Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից հարկադիր կատարողի հարգելի բացակայության դեպքում հարկադիր կատարողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի՝ նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որի ավարտից հետո անցկացվում է ստուգարք:

Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում հարկադիր կատարողը ենթակա է պարտադիր վերապատրաստման իր միջոցների հաշվին:

9. Վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունքում դրական գնահատական ստացած հարկադիր կատարողին տրվում է վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթուղթ, որի պատճենը հարկադիր կատարողը տրամադրում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ատեստավորման հանձնաժողովին կամ կադրերի բաժնին` հարկադիր կատարողի անձնական գործին կցելու համար:

Վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթղթի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունքում անբավարար գնահատական ստացած հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը վերանայվում է ատեստավորման կարգով:

11. Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդական ղեկավարումն իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կադրերի բաժնի կողմից:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն