Ստուգման անհրաժեշտությունը
Սնանկության կառավարիչների թեկնածուների որակավորումն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ստուգմանն ուղղված գործողություն է:
Ի՞նչ պարբերականությամբ է կատարվում որակավորման ստուգումը
Կառավարչի որակավորման ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և իր՝ www.justice.am (www.moj.am) պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորումն անցկացնելու մասին հայտարարություն։
Ո՞վ է իրականացնում որակավորման ստուգումը
Որակավորման ստուգումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը։ Հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից, որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։ Հանձնաժողովը կազմակերպում է դիմողների որակավորման ստուգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է այլ լիազորություններ։
Ո՞վ կարող է դիմել կառավարչի որակավորման ստուգման համար
Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացվում `
1. դիմում. 2. 2 գունավոր լուսանկար` 3 X 4 չափսի.
3. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրանց պատճենները (բնօրինակը վերադարձվում է անձի ինքնությունը ստուգվելուց հետո).
4. աշխատանքային գրքույկը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը հավաստող համապատասխան փաստաթուղթ և դրանց պատճենները.
5. բարձրագույն կրթության վկայականը (դիպլոմը) և պատճենը:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի չափը
Կառավարչի որակավորման ստուգման համար պետական տուրք չի գանձվում:
Ո՞ր դեպքերում է մերժվում մասնակցության դիմումը
Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը մերժվում է, եթե`
1. դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2. դիմողն իրավունք չունի զբաղվելու տվյալ գործունեության տեսակով.
3. եթե հայտարարության մեջ նշված ժամկետում չի ներկայացրել որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը.
4. եթե դիմողի տվյալները չեն բավարարում ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի <<Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին>> N 1179-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջները:
Ո՞ր դեպքերում է դիմողը զրկվում մասնակցության իրավունքից
Դիմողը զրկվում է որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունքից`
1. եթե որակավորման ստուգման անցկացման համար նախօրոք սահմանված ժամին չի ներկայացել որակավորման ստուգմանը.
2. եթե խախտել է սույն կարգով սահմանված որակավորման ստուգման անցկացման համար սահմանված պահանջները.
3. եթե որակավորման ստուգմանը մասնակցելու համար ներկայացել է առանց անձը հաստատող փաստաթղթի:
Ի՞նչ կարգով է իրականացվում որակավորումը
Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, դռնբաց կարգով։ Որակավորումը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել` չխոչընդոտելով որակավորման ստուգման անցկացման բնականոն ընթացքը։ Որակավորման ստուգումն անցկացվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով` թեստերի միջոցով, որի համար հատկացվում է 150 րոպե ժամանակ: Թեստերը ենթակա են պարտադիր հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` ստուգման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ: Որակավորման ստուգման թեստային հարցերը մասնակցին են տրամադրվում որակավորման ստուգման անցկացումից անմիջապես առաջ։ Որակավորման ստուգման ընթացքում չի թույլատրվում օգտվել գրքերից, տեղեկագրերից, փաստաթղթերից և տեխնիկական միջոցներից։ Թեստային հարցերից առնվազն 90-ին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը համարվում է որակավորման ստուգումն անցած։
Ի՞նչ ժամկետում են հրապարակվում ստուգման արդյունքները
Մասնակիցը տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման արդյունքների մասին էլեկտրոնային փոստի միջոցով և ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am)` դրա անցկացումից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում։ Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում մասնակցին տրվում է որակավորման վկայական` անժամկետ։
Ի՞նչ կարգով է իրականցվում ստուգման արդյուքների բողոքարկումը
Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո 10 օրվա ընթացքում։
Սնանկության կառավարիչների թեկնածուների որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորվում են<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի <<Սնանկության գործովկառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին>> N 1179-Ն որոշմամբ (փոփոխված ՀՀ կառավարության 2012թվականի հունիսի 28-ի N 850-Ն որոշմամբ):
Դիմումի ձև