«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

06/09/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931 ։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։

Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը: