Նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին

24/09/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Գյումրի, Վանաձոր, Մարտունի, Կապան և այլ նոտարական տարածքներում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով սկսում է նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան: Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, 805 սենյակ) նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լիլիա Սիմոնյանին է ներկայացնում` 1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն` ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում). 2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի. 3) անձնագրի պատճենը.

4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.

5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի համապատասխան եզրակացությունը և (կամ) իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական.

6) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20.000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի անդորրագիրը: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի հոկտեմբերի 10-ը մինչև ժամը 18:00-ն: Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2016 թվականի հոկտեմբերի 27-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am/ www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am): Նոտարի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ: Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լիլիա Սիմոնյանին` (010) 59-41-47 հեռախոսահամարով: