«Դա ներքին վեճ է» Արդարադատության փոխնախարարը՝ հնչակյանների արդեն չորս տարի շարունակվող վեճի մասին

04/04/2012

«Մենք հիմա ունենք մի վիճակ, որ երկու թեւ՝ կուսակցության ներսում կամ կուսակցության անունն օգտագործելով, իրար հետ վիճում են: Այս վեճը, սակայն, դուրս է արդարադատության նախարարության գործառույթներից: Սա իրենց ներքին վեճն է, եւ դա իրենք իրար մեջ պետք է լուծեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «հնչակյաններն ընդդեմ հնչակյանների» գործին՝ կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ նմանատիպ խնդիրներ տարբեր կուսակցություններում ծագում են: Պատասխանելով լյուդմիլասարգսյանական կողմի հնչեցրած մեղադրանքներին, որ գրանցելով պերկուպերկյանականներին՝ նախարարությունը՝ պետական մարմինը, քաղաքական իշխանության պատվերն է կատարում, մեր զրուցակիցը պարզաբանում է, որ արդարադատության նախարարությունն այս ոլորտում իրականացնում է գրանցում. «Եթե վաղը իրենք համագումար անեն, եւ որոշվի, որ ոչ Լյուդմիլա Սարգսյանը, ոչ Գեւորգ Պերկուպերկյանը չեն կարող լինել ատենապետ, այլ մի երրորդ անձ պետք է լինի, կբերեն փաստաթղթերը, դրանք ճիշտ կլինեն՝ մենք նորից կգրանցենք»: Փոխնախարարը պարզաբանում է, որ 2001 թվականից, բարեփոխումների արդյունքում, իրավաբանական անձանց գրանցման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է մի ձեւաչափով, որ փաստաթղթերում տրված տեղեկությունների ճշտությունը, որպես այդպիսին, ռեգիստրը չի իրականացնում, քանի որ դա բերում է բյուրոկրատական քաշքշուկի. «Ցանկացած անձ, որ դիմում է ռեգիստր եւ ներկայացնում որոշակի փաստեր, դրանց համար պատասխանատվություն է կրում ինքը: Գրանցող մարմինը ստուգում է միայն փաստաթղթերի ամբողջականությունը եւ ճիշտ կազմված լինելու փաստը»: Տվյալ դեպքում Գեւորգ Պերկուպերկյանի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանել են օրենքի պահանջներին, եւ պետռեգիստրը գրանցել է նրան՝ որպես ՍԴՀԿ ատենապետ: Այնուհետեւ բերվել է բողոք Լյուդմիլա Սարգսյանի կողմից, որի հիման վրա քննվել են այդ ակտի իրավական հիմքերը. մի շարք անձանց հետ լսումներ են կազմակերպվել, բացատրություններ են վերցվել, պայմանական ասած, նոր եւ հին ատենապետերից, վարչությունների անդամներից, այդ համագումարը ֆիքսել է նաեւ նոտարը եւ այլն, եւ նախարարությունում եկել են այն եզրահանգման, որ՝ «2011 թվականին պերկուպերկյանականների կողմից անցկացված 8-րդ համագումարի անցկացման կարգի խախտում չի եղել», ու գրանցել են: Հիշեցնենք, որ մինչ այդ նախարարությունը մերժել էր Պերկուպերկյանին գրանցել որպես ՍԴՀԿ ատենապետ՝ 2009 թվականին եղած 7-րդ համագումարի հիմքերը ոչ հիմնավոր համարելով:

 

Ինչ վերաբերում է «Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը չե՞ն գրանցվում» (Առավոտ. 30. 03.12) հրապարակմանը, որտեղ ներկայացվում են գործի մանրամասները եւ տարակուսանք է արտահայտվում այն առիթով, որ «հնչակյանների գործով»՝ օրինականության վերահսկողության վարչական գործում փաստաթղթերը համարակալված, գրանցված չեն, դրանցից շատերից անհասկանալի է՝ թե ում եւ ինչ նպատակով են տրված եւ այլն, նման մի փաստաթուղթ էլ հրապարակված է թերթում, փոխնախարարը այսպես արձագանքեց. «Այո, սա չունի գրված ինչ-որ բաներ, բայց սրանց զուգահեռ ունենք բացատրություններ, որոնք տրվել են եւ գործերում կան… եթե մենք փորձենք լինել բյուրոկրատ, տառակեր՝ պետք է իրենց ասենք՝ էս տեքստը ավելացրեք, սա արեք, նոր բերեք: Մեզ համար կարեւորը պարունակությունն է, եւ սա տրվել է համապատասխան փաստաթղթի հետ, եւ եթե գործին փորձենք ծանոթանալ՝ կտեսնենք, որ դա 94-րդ էջում 25-րդ փաստաթուղթն է՝ ընտրված պատվիրակների ցուցակը: Երբեմն նամակները, որոնց կից գալիս են նաեւ փաստաթղթերը, գործին կարող է եւ չկցվեն, զուտ այն պատճառով, որ երկու անգամ հաստափոր չլինի գործը»:

 

Մինչ այս իրադարձություններն էին զարգանում, Գեւորգ Պերկուպերկյանը նախորդ օրը դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ին՝ պահանջելով մերժել նրա՝ պատգամավորության թեկնածու գրանցելը: «Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Պերկուպերկյանն ասաց, որ բոլոր հարցերի վերաբերյալ իրենք պարզաբանումներով հանդես կգան առաջիկայում. «Մենք կպատասխանենք ոչ միայն ներկա գործընթացներին, այլ նաեւ կխոսեմ այն մասին, թե ովքեր չէին կարողանում արձանագրություն գրել եւ Նազարի բախտով հայտնվում են աթոռների վրա: Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ-ի համար խնդիր չէ, մենք իրեն հեռացրել ենք, ՀԱԿ-ը թող մտածի»: