Դեպի վեր

ԵՄ-ն Հայաստանում արդարադատության պրոբացիոն ծառայություն է ստեղծում. Արմենպրես

30/10/2012 Տառատեսակի
չափսը
A A A

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության հովանու ներքո կստեղծվի Պրոբացիոն ծառայություն, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և իրականացվող ծրագրի շրջանակում: ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Պրոբացիոն ծառայության ձևավորման ռազմավարական փաստաթղթի առաջին նախագծի և Գործողությունների պլանի ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. հաստատված ռազմավարական ծրագրի համաձայն` Պրոբացիոն ծառայությունը պետք է ստեղծվի ՀՀ արդարադատության նախարարության ներքո` քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին քրեական արդարադատություն իրականացնող գործակալություն: Ռազմավարական փաստաթուղթը և գործողությունների պլանը մշակվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների, ներառյալ պրոբացիոն ծառայության ստեղծման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օժանդակություն» ծրագրի շրջանակում: Դրա հիմնական նպատակն է մշակել Հայաստանում Պրոբացիոն ծառայության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթերը` հիմք ընդունելով ԵՄ լավագույն փորձը:

Ծառայության ներկայացմանը նվիրված սեմինար անցկացվեց, որի նպատակն է հայտնաբերել հնարավոր իրավական և գործնական այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ստեղծմանը: Համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկումների և ստացված արձագանքների արդյունքում կմշակվի ռազմավարության և գործողությունների պլանի վերջնական տարբերակը, որը կներկայացվի ՀՀ ԱՆ քննարկմանը:

Թիմի ղեկավար Դանիել Ստոյանովը ծրագրի վերաբերյալ նշեց, որ Պրոբացիոն ծառայությունը կպաշտպանի հասարակությունը և կնվազեցն կրկնահանցագործությունը: «Մենք առաջարկում ենք, որպեսզի ծառայությունում լինեն երկու բաժիններ: Առաջինը կոչվի վերականգնման  և վերաինտեգրման աշխատանքների բաժին, մյուսը ազատազրկման հետ առնչվող պատժամիջոցների և խափանման միջոցների կիրառման բաժին»,-ասաց Ստոյանովը` հավելելով, որ այս բաժիններից յուրաքանչյուրը աշխատելու է ապագայում ստեղծվելիք Պրոբացիոն ծառայության համապատասխան գործառույթների կատարման ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի օգնական Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ` ծառայության նպատակն է ՀՀ-ում պատժատեսակի կրճատումը, ինչը կնպաստի այդ ոլորտում ծախսերի քչացմանն ու հանցավորության մակարդակի իջեցմանը, դատապարտյալների վերաինտեգրմանը հասարակությունում և պատժի նպատակների առավել ճիշտ իրականացմանը: «Պրոբացիոն ծառայության գործառույթներ են դատապարտյալների սոցիալ-հոգեբանական-իրավական աշխատանքների անցկացումը, անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելիս դատապարտյալի վերաբերյալ եզրակացության ներկայացումը դատարանին պատժի նշանակման փուլում և անկախ հանձնաժողովին, նաեւ հետագայում այդ դատապարտյալի նկատմամբ հսկողության իրականացումը, որպեսզի նա գտնվի պայմանական վաղաժամկետ փորձաշրջանում»,- պարզաբանեց Սարգսյանը: Ծառայությունն աշխատելու է նաեւ անչափահասների հետ ևս: 

Պրոբացիոն ծառայության ստեղծումը ենթադրում է ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ մասնագիտական հմտությունների և ունակությունների վերաբերյալ դասընթացներ:

Ծառայության կիրառումը նախատեսվում է 2014 թ-ի սկզբից: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն