01/07/2015

Կիսամյակային հաշվետվություն Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների շրջանակներում 2015 թվականի հունվարից 2015 թվականի հունիսի դրությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները.

1. «1.2.2. Իրականացնել դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովում».

Դատավորների գործունեության գնահատման համակարգի ծրագրային և տեխնիկական ապահովման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում:

2. «1.11.2. Իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում».

Դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառման բարելավման նպատակով իրականացվում են փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովման աշխատանքներ: Դատարանների կառավարման էլեկտրոնային համակարգի համապատասխան բարելավումները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, իրականացվում են աշխատանքներ քաղաքացիական գործերով հայցերի` էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովման ուղղությամբ:

3. «1.12. Մշակել և ներդնել ՀՀ դատական իշխանության ֆինանսավորման առավել արդյունավետ մոդել` եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան».

Իրականացվել է դատական իշխանության ֆինանսավորման մոդելների հարցում եվրոպական չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն, որ գործող ֆինանսավորման մոդելը դատական իշխանության ֆինանսավորման երաշխիքների ապահովման տեսանկյունից համապատասխանում է միջազգային չափանիշներին:

4. «2.1.1. Ընդունել «ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում»

 «ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ:

5. «2.1.2. Մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ».

ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի տեքստի առաջնային մշակումն ավարտման փուլում է: Նախատեսվում է, որ աշխատանքային խումբն այն սույն թվականի հուլիս ամսվա ընթացքում կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարություն: Դրանից բացի, Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության հետ (GIZ) նախատեսվում է նոր քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրականացնել քննարկումներ: Ներկայումս կատարվում են նաև ՀՀ նոր քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծերի համապատասխանեցմանն ուղղված աշխատանքներ:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի՝ ՀՀ Աժ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկումների հիման վրա նախագիծը լրամշակվել է և ուղարկվել ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ-ում քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների ամբողջականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման գործընթաց: Այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով և աշխատանքային խումբ: Հանձնաժողովի շրջանակներում մշակվել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը և ուղարկվել  միջազգային փորձաքննության:  ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը հիմնված է լինելու մի շարք հիմնական սկզբունքների վրա, որոնցից են՝

ü  միասնական իրավական քաղաքականության ապահովումը քրեաիրավական հարկադրանքի միջոցների կիրառության ոլորտում,

ü  մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավաբանության պահանջների իրացումը,

ü  ա­զա­տութ­յու­նից զրկե­լու հետ կապ­ված հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի համակարգի և դրանց կիրառության ընթացակարգի վերանայումը,

ü  անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող քրեաիրավական հարկադրանքի միջոցների կատարման համակարգի բարեփոխումը,

ü  կալանավորվածներին և դատապարտյալներին անջատ պահելու չափանիշների հստակեցումը:

6. «2.3.1 Մշակել պրոբացիայի ծառայության գործունությունը կարգավորող իրավական ակտի նախագիծ».

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման» hայեցակարգը 2015 թվականի ապրիլի 30-ին թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները շարունակում են իրականացվել:

2015 թվականի հունիսի 17-ին մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկումները իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի հիման վրա: Փորձարկման շրջանակներում կիրառվելու են նաև էլեկտրոնային հսկողության սարքեր: Իրականացվելու են վերասոցիալականացման ծրագրեր: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման  դասընթացներ քրեակատարողական ծառայողների, դատավորների և դատախազների համար:

7. «2.4. Բարեփոխել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգը».

«Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է և ներկայացվել ՀՀ կառավարություն: Միաժամանակ, նախագիծը լրամշակվել է  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հստակ չափանիշներով և կրկին ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:

8. «2.5. Բարեփոխել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն:

Հարկ է նշել, որ 2015 թվականի հունիսի 2-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող  «Առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում բարելավումներ են իրականացվելու քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ոլորտում ոչ միայն ենթակառուցվածքային մակարդակում, այլ նաև օրենսդրական: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանալու լրամշակել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու կարգը:

9. «3.2. Վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացության մեջ ներառել այն մասնավոր սուբյեկտներին, որոնց պետությունը վերապահել է հանրային գործառույթներ՝ ապահովելով նաև այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից և անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը».

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել ՀՀ կառավարություն: Նախագծով նախատեսվել է վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացության մեջ ներառել այն սուբյեկտներին, որոնց պետությունը վերապահել է հանրային գործառույթներ՝ ապահովելով նաև այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից և անգործությունից անձանց դատական պաշտպանությունը:

10. «3.4. Գործնականում ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացումը».

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել ՀՀ կառավարություն, որով նախատեսվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարվող վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացումը:

11. «3.6. Մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրք».

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ 2015 թվականի մարտի 9-ին: Ստացված կարծիքների հիման վրա նախագիծը լրամշակվում է: Միաժամանակ, նախագիծը ուղարկվել է միջազգային փորձաքննության:

 

12. «4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին».

13. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարվել են և ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հետևյալ փոփոխությունները․

  •  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է «Ապահովված   իրավունք» ինստիտուտի ներդրումը, որը ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:
  • Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի իրավական կարգավորումը պարունակող ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Մշակվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավաբանական անձինք գլխում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հետևյալ թեմաներով հայեցակարգերը (հղում՝ http://moj.am/legal/drafts).

  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անձնական սերվիտուտը կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ.
  • Միջազգային մասնավոր իրավունքի բարեփոխման վերաբերյալ.
  • Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության (նկուղ, ձեռնարկ) օգտագործման իրավունքի մասին դրույթներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասներորդ բաժնում փոփոխություններ (մտավոր սեփականություն) կատարելու մասին.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրավի իրավունքին վերաբերող դրույթների մասին.
  • Բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ.
  • Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների վերաբերյալ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հիփոթեքի նորմերին վերաբերող դրույթների մասին.
  • Ամուսինների համատեղ սեփականության վերաբերյալ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների (գլուխ 5-րդ՝ իրավաբանական անձինք) մասին.
  • Հայաստանում էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ուրիշի գույքն օգտագործելու իրավունքը (ուզուֆրուկտ) կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կառուցապատում և հողամասի վարձակալություն նախատեսող հոդվածների բարեփոխման վերաբերյալ.
  • Հարևանային իրավունքի ինստիտուտի վերաբերյալ.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի սեփականության իրավունքին նվիրված գլուխների բարեփոխման վերաբերյալ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ /գլուխ 60-րդ՝ վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ.
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի « ժառանգական իրավունք » բաժնի բարեփոխումների վերաբերյալ:

Վերոգրյալ հայեցակարգերը ենթարկվել են միջազգային փորձաքննության, որոնց հիման վրա իրականացվում են նախագծեր կազմելու աշխատանքները։

14. «5.11. Ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցը».

Իրականացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցի վերաբերյալ ուսումնասիրություն: Հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը  և միջազգային փորձը իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առավել նպատակահարմար է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ բողոքները ընդդատյա լինեն ընդհանուր իրավասության դատարանին: Նախատեսվող օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման շրջանակներում:

15. «5.12. Կատարելագործել դատական ակտերի որոնման համակարգը».

Դատական ակտերի որոնման համակարգի կատարելագործման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է տվյալ համակարգի ֆինանսավորումը, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի  «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

16. «6.1. Հստակեցնել անվճար իրավաբանական օգնության շրջանակը և բարելավել դրա որակը». 

ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աջակցությամբ և Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ՀՀ Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Գլոբալ Էս Ֆի Սի» ընկերության կողմից իրականացվել է «Անվճար իրավաբանական օգնության ծառայությունների գործող համակարգի, այդ թվում՝ անվճար իրավաբանական օգնության ծառայությունների միջազգային լավագույն փորձի, ինչպես նաև ֆինանսական մարտահրավերների ուսումնասիրությունը»:

Միաժամանակ, միջազգային փորձի և գործող համակարգի ուսումնասիրության արդյունքում առաջարկվել են տարբեր այլընտրանքային մեխանիզմներ անվճար իրավաբանական օգնության ծառայությունների բարելավման համար: Մասնավորապես, առաջարկվում է՝

  1. Ստեղծել անվճար իրավաբանական ծառայությունների համակարգ, որը կլինի Հանրային պաշտպանի գրասենյակի այլընտրանք, որի պայմաններում այս երկու համակարգերը կլինեն ոչ թե մրցակցող, այլ փոխլրացնող։ Համակարգը կգործի «մեկ պատուհանի» սկզբունքով, որի արդյունքում հասարակական սեկտորում առկա անվճար իրավաբանական ծառայությունների պոտենցիալը ամբողջությամբ և համաժամանակյա (սինքրոն) եղանակով մատչելի կլինի շահառուին։
  2. Կիրառել մենթորության սկզբունքը: Օգտագործել Փաստաբանների դպրոցի ունկնդիրների և իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողների պոտենցիալը։ Մասնավորապես, փաստաբանների պալատի ունկնդիրներին կցել Հանրային պաշտպանի գրասենյակի /ՀՊԳ/ փաստաբանների հետ, որպեսզի սկսնակ փաստաբանները իրենց գիտելիքները և փորձը համատեղեն փորձառու փաստաբանների հետ՝ դրանով մեծացնելով ՀՊԳ փաստաբանների արտադրողականությունը։ 
  3. Սահմանել հարկային արտոնություն անվճար իրավաբանական ծառայության համար։
  4. Ձևավորել բարոյա-հոգեբանական մթնոլորտ՝ խրախուսելու փաստաբանների համայնքում անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը։
  5. Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և անձանց նկատմամբ կիրառել պարգևավճարի ինստիտուտը և մի շարք այլ առաջարկներ որոնք կբարելավեն անվճար իրավաբանական օգնության տրամադրման համակարգը:

Բացի այդ, ՀՀ փաստաբանների պալատի կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որը մասամբ անդրադառնում է անվճար իրավաբանական օգնության հարցերին։

Ներկայումս Նախագիծը և ուսումնասիրությունը քննարկման փուլում են: Ս. թ. հունիս 29-ին թիվ 02/19.3/7835-15 գրությամբ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ուսումնասիրության վերաբերյալ դիրքորոշում և հետագա քննարկումների մասնակցելու համար ներկայացուցչի թեկնածություն ներկայացնելու համար:

         17. «7. Դատախազության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ».

«Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ստացվել են շահագրգիռ մարմինների կարծիքները, որոնց հիման վրա նախագծերը ներկայումս լրամշակվում են:

Մշակվել է «Դատախազական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծ և ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով:

18. «8.1. Կատարելագործել և խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները».

Մշակվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկումներ: 2015 թվականի հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Միաժամանակ, տվյալ կետի շրջանակներում  «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի մոդելային օրենքի պահանջներին, ինչպես նաև ուսումնասիրություններ են կատարվել արբիտրների որակավորման կամավոր հավաստման, արբիտրների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունների շուրջ՝ միջազգային փորձին համահունչ: Այս առումով,  «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են ընդհանուր արբիտրների վարքագծի կանոններ և սկզբունքներ, որի հիման վրա մշտական հիմունքներով գործող արբիտրաժային հաստատությունները կարող են ընդունել իրենց արբիտրների համար վարքագծի կանոններ:

Իրականացվում են շարունակական միջոցառումներ արբիտրաժը խթանելու նպատակով։

19. «8.2. Ուսումնասիրել առաջին ատյանի դատարանների կողմից քաղաքացիական գործերը միջնորդ-հաշտարարներին հասցեագրելու ինստիտուտի ներդրման միջազգային փորձը և հեռանկարները»

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրություն է իրականացվել հաշտարարության ինստիտուտի ներդրման վերաբերյալ և գնահատվել է այդ ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, որի հիման վրա իրականացվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

2015 թվականի մայիսի 7-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է նախագծերի փաթեթ, որով նախատեսվել է հաշտարարության ինստիտուտի ներդրումը ՀՀ իրավական համակարգում և քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային վեճերը հաշտարարների միջոցով լուծելուն ուղղված իրավակարգավորումները:

Վերոգրյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2015 թվականի սեպտեմբերի 10-ին, բացառությամբ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 227.6-րդ, 227.7-րդ և 227.9-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Ներկայումս ՀՀ կառավարությունում է գտնվում «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը հաստատելու, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը ուղղակիորեն բխում է վերոնշյալ նախագծերի փաթեթի ընդունումից: Կառավարության որոշման ընդունման հետ միաժամանակ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարի երկու հրամանների ընդունում, որոնք կոչված են կանոնակարգելու հաշտարարների դասընթացների ծրագիրը և հաշտարարների ռեեստրի վարման կարգը:

20. «8.3. Նոտարիատում ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը և մեկ պատուհանի սկզբունքը»

Հիմնվել է Armenian E-Notary Information System-ը (AENIS), որը ընձեռնում է ծառայությունները մեկ պատուհան սկզբունով նոտարիատի ոլորտում մատուցելու հնարավորություն: Էլեկտրոնային նոտար համակարգը ամբողջությամբ գործածվում է ՀՀ-ում, և զգալի արդյունքներ է տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:

 

21. «8.4. Զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը»

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր տարածքային մարմիններում գործարկվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման  էլեկտրոնային համակարգը:

22. «8.5. Ֆիզիկական և իրավաբանական անձանց մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում՝ հիմնելով հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոններ».

«Հանրային ռեգիստրների վարման (գրանցման) միասնական սպասարկման կենտրոնների ներդրման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության  որոշման նախագիծը ստացված կարծիքների հիման վրա լրամշակվել է՝ կրկին շրջանառության մեջ դնելու նպատակով:

23. «9.2. Բարձրացնել միջին և բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթության որակը և իրավաբանական կրթությանը ներկայացվող պահանջները».

«Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է աշխատանքային խմբի կողմից և դրվել է շրջանառության մեջ: Շահագրգիռ մարմիններից և կազմակերպություններից ստացված դիրքորոշումների հիման վրա նախագիծը լրամշակվել է և վերջնական տարբերակով ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմի քննարկմանը: