20/01/2015

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվության սեղմագիր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 777-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի՝ 

79-րդ կետով նախատեսված է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը.

 «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 29-ի 02/19/10713-14 ելից գրությամբ:

Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը և էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը և կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը: Նախագծով ներդրվում է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի  կեղծելու ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է նաև  պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը  հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն և կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին:

Բացի այդ, նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը: Նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաև անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում: Այսինքն՝ կներդրվի ըստ մեղքի պատասխանատվությունը ամբողջ ծավալով: Նախագծով ամրագրվում է նաև, որ նոտարների կողմից արխիվի վարման կարգը պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից: Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կսահմանվի նոտարական գործունեության եկամտից հարկվող      շրջանառության հարկի դրույքաչափի տարբերակված մոտեցում՝ կապված մատուցված ծառայությունների դիմաց գանձված վճարների ընդհանուր գումարի չափից: Արդյունքում.  կներդրվի նոտարական ծառայությունների, պետական տուրքերի և հարկերի համադրելի համակարգ:

Որոշակի է դարձվում նոտարական թարգմանիչների գործունեության վերահսկման մեխանիզմը:

Ծրագրի 80-րդ կետով նախատեսված է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 10-ի 01/9838-14 ելից գրությամբ:

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի նվազեցմանը, պետական ​​կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանմանը` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներն իրագործելու միջոցով: Միևնույն ժամանակ, կոռուպցիայի զգալի նվազեցում տեղի կունենա թիրախային համարվող չորս ոլորտներում:

Ծրագրի 81-րդ կետով նախատեսված է. Վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները և ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարություն:

ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու մասին:

Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները վերանայելու, ինչպես նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու նպատակով ՀՀ վարչապետի 2014 թվականի  օգոստոսի 26-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 803-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում քննարկվել են համապատասխան առաջարկությունները և ներկայացվել ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 24-ի 01/16/10472-14 ելից գրությամբ:

Քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը հանգել է հետևության, որ

  • արագաչափերը և տեսանկարահանող սարքերը պետք է տեղադրվեն   ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելու և վարչական իրավախախտումները կանխելու նպատակով։
  •  Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը հնարավոր է, եթե պետության կողմից հստակ սահմանված լինեն պետություն-մասնավոր հատված համագործակցության չափանիշները:
  • առկա է վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցման խնդիր: Արտասահմանյան երկրների և տրանզիտ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների կողմից վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում հնարավոր չէ իրականացնել ծանուցում:  Արտասահմանյան երկրների և տրանզիտ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների մասին տվյալները արձանագրվում են մաքսակետերում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս:
  • Վճարովի ավտոկայանատեղերը կատարում են կարգավորիչ գործառույթ: Թեև ավտոկայանատեղերը իրականացնում են կարգավորիչ գործառույթ, այնուամենայնիվ նախատեսված չեն կարգավորիչ գործառույթի չափորոշիչները և այլն:

Ծրագրի 83-րդ կետով նախատեսված է. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 23-ի 01/19/10371-14 ելից գրությամբ:

ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության համաձայն՝ մշակվել է ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը, որի հիման վրա ներկայում մշակվում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը: Շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ վարչական իրավախախտումների  նոր օրենսգիրքի նախագիծը: Վերոնշյալ փաստաթղթերով նախանշվել են հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարում պետության քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց թվում առաջնահերթ նշանակություն ունի տնտեսական հանցագործությունների ծավալի և դրանց համար ազատազրկման ձևով պատժի հնարավորինս կրճատումը: Այստեղ գլխավոր խնդիրն է խթանել տնտեսական հարաբերությունների զարգացումը և չխոչընդոտել դրա բնականոն ընթացքը: Նման իրավիճակում շուկայական տնտեսության պայմաններում պետական բյուջեի ձևավորման գործընթացը և դրա ապահովումը ձեռք են բերում առանձնակի կարևորություն: Այդ խնդրի արդյունավետ լուծումից է կախված երկրի տնտեսության զարգացման և բնակչության կենսապահովման մակարդակը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գործող քրեական օրենսգիրքի որոշ հոդվածներ ապաքրեականացնել՝ դրանց համար նախատեսելով վարչական պատասխանատվություն, մասնավորապես ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելու, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու, ապրանքային նշանի, սպասարկման նշանի, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելու, կեղծ գովազդի, արժեթղթեր թողարկելիս չարաշահելու, ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելու կամ իրացնելու, ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) օտարելու կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելու, ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելու, ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման կանոնները խախտելու և վանդալիզմի հանցակազմերի պարագայում:

Դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակում այս արարքների հանդեպ պետության կողմից վարվող քրեական քաղաքականության փոփոխման հետ կապված դրանք նախատեսվել են ներկայում շրջանառության մեջ գտնվող ՀՀ վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի նախագծում: Սակայն, հաշվի առնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի և ՀՀ վարչական իրավախախտումների  նոր օրենսգիրքի նախագծերի ընդունման գործընթացի տևողությունը և հարցի հրատապ լուծման պահանջը, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գործող քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները ապաքրեականացնել և դրանք նախատեսել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքում:

Գերակա խնդրների 61-րդ կետով նախատեսված է. Ժամանակակից քրեակատարողական հիմնարկների կառուցման շարունակում՝ ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով միջոցառումների իրականացում.

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով քրեակատարողական հիմնարկների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար 2014 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները:

  ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել է ռենտգենային բաժանմունքը:

  ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է նոր գեներատորային մասնաշենքի տանիքը:

  ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը:

  ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մասնակի վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը:

  ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կահավորվել են Ա, Բ, Գ, Դ, Ե, Է, Թ, Ժ, Ի, Խ և Ծ մասնաշենքները, շահագործման է հանձնվել 400 դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքները, համաշինարարական աշխատանքներ են իրականացվել Ձ, Կ, Ղ, Ճ, Մ, Ն մասնաշենքները և օրվա կարգավորման ջրավազանն իր պոմպակայանով, բարեկարգվել է վարչական տարածքը:

Գերակա խնդրների 62-րդ կետով նախատեսված է. Քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում.

Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին:

Էլեկտրոնային կառավարման համակարգը գործում է գործակալությունում և 54 տարածքային մարմիններում:

Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օրենսդրություն ներմուծել ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի և էլեկտրոնային գրանցամատյանի հասկացությունը, ինչպես նաև ՔԿԱԳ մարմինների նշված համակարգերն օգտագործելու պարտավորությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվել պատրաստել բոլոր անհրաժեշտ դիմումները, ապա օրենքով նախատեսվել է նաև դրույթ, համաձայն որի դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը ներկայացնում է դիմում պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկատվություն և ստորագրում է համակարգի միջոցով ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից պատրաստված դիմումը:

Վերոնշյալ օրենքը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը հստակեցնել ՔԿԱԳ համակարգը և ներդրել էլեկտրոնային գրանցման համակարգ: