18/02/2004

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանումը

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 41-րդ կետի համաձայն անկախ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք (բացառությամբ` Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշվածների) նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի դիմում ներկայացրած անձինք համարվում են եկամտահարկ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը (ներառյալ): Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2003 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով (բացառությամբ` այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով):

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2003 թվականի մայիսի 15-ի 03/12-Ն հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.6 կետի համաձայն տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու համար նոտարները պարզեցված հարկ վճարող համարվելու համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հրահանգի հավելված 1-ում բերված ձևի հայտարարագիր հունվարի 1-ից 25-ը (ներառյալ), իսկ տվյալ տարում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարները հաջորդ տարում ևս այդպիսին համարվելու (որպես պարզեցված հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար գրավոր հայտարարագիրը հարկային մարմին են ներկայացնում հաջորդ տարվա հունվարի 1-ից 25-ը (ներառյալ):

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները, որոնք վերաբերում են յուրաքանչյուր տարում պարզեցված հարկ վճարող համարվելու համար նոտարների կողմից հարկային մարմին հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտությանը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում ենք`

- 2003 թվականում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարները 2004 թվականում ևս այդպիսին համարվելու (որպես պարզեցված հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար գրավոր հայտարարագիրը հարկային մարմին կարող են չներկայացնել,

- այսուհետ` տվյալ տարում պարզեցված հարկ վճարող հանդիսացող նոտարները հաջորդ տարում ևս այդպիսին համարվելու (որպես պարզեցված հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար գրավոր հայտարարագիրը հարկային մարմին են ներկայացնում հաջորդ տարվա հունվարի 1-ից 25-ը (ներառյալ):