06/07/2006

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 1097-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 7
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 6-ի N 1097-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչ

ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 6-ի N 1097-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) քննարկում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարից բարձր բռնագանձման պահանջներով հարուցված և ավարտման որոշում կայացրած այն կատարողական վարույթները, որոնցով որպես պահանջատեր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմնի:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին և սույն կարգին համապատասխան:

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է աջակցել դատական ակտերի հարկադիր կատարմանը և պարզել կատարողական վարույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատճառներն ու հանգամանքները:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  

4. Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ուսումնասիրում և քննարկում է սույն կարգի 1-ին կետով նախատեսված կատարողական վարույթներով ավարտման մասին որոշում կայացրած գործերը և դրանց առնչվող այլ փաստաթղթեր.

բ) քննարկում և վերլուծում է կատարողական վարույթների ավարտման մասին որոշումների հիմնավորվածությունը, հարկադիր կատարողների կողմից ոչ ճիշտ կամ թերի իրականացված կատարողական գործողությունները և այլ պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման թերացման հարցերը.

գ) քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.

դ) քննարկում է դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի օրենսդրական բարեփոխումների հետ կապված հարցերը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ


 

5. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի անդամներից:

6. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

գ) կազմակերպում է սույն կարգով նախատեսված ավարտման ենթակա կատարողական վարույթների քննարկումները.

դ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ոչ պակաս, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ նրա անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

9. Հանձնաժողովի նիստերի ընթացքում կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունը հանձնաժողովի անդամներին առաքվում է նիստից հետո` 5-օրյա ժամկետում:

10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է` հիմք ընդունելով հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցերը: Նիստի օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը հանձնաժողովի անդամներին հանձնվում են ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ:

11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել կատարողական վարույթի կողմերը և այլ շահագրգիռ անձինք:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 1/2-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան