08/09/2005

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը քրեակատարողական ծառայողի վկայականի ձեվը եվ տրամադրելու կարգը հաստատելու մասին


«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 սեպտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 10205363

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

8 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան

թիվ ՔՀ-45-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը» (հավելվածներ 1, 1/1 և 1/2) կցվում են:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Դ. Հարությունյան

  

Հավելված 1

 

  

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի
2005 թվականի սեպտեմբերի 8-ի
թիվ ՔՀ-45-Ն հրամանով

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

  

Կ Ա Ր Գ Ը

  

Գ Լ ՈՒ Խ  1

  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


     1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի (այսուհետ` քրեակատարողական ծառայող) վկայականի ձևը և տրամադրելու կարգը:

2. Քրեակատարողական ծառայողի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գործառույթներ իրականացնող միասնական համակարգում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված կոչումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող 6,5 x 20 սմ չափեր ունեցող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, կարող է ներկայացնել վկայականը իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար:

4. Առանց համապատասխան ձևակերպման, ջնջումներով և ուղղումներով վկայականը համարվում է անվավեր:

 

Գ Լ ՈՒ Խ  2

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

5. Վկայականի կազմը պատրաստվում է բաց կարմիր գույնի կաշվից կամ կաշվին փոխարինող նյութից:

6. Վկայականի կազմի աջ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույնով պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանից ներքև` ոսկեգույն հայերեն մեծատառերով, երեք տողով տպագրվում են` «Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարություն» բառերը (հավելված 1/1):

7. Վկայականի կազմի ձախ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույն ռուսերեն մեծատառերով, երեք տողով, տպագրվում են` «Республика Армения министерство юстиции» բառերը (հավելված 1/1):

8. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում են բաց վարդագույն ցանցկեն մեկական ներդիր: Վկայականի ներդիրների հետին պլանում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 5 սմ բարձրությամբ (հավելված 1/2):

9. Վկայականի ձախ ներդիրի (հավելված 1/2) վերին միջնամասում հայերեն մեծատառերով երեք տողով տպագրվում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քրեակատարողական ծառայություն» բառերը, որոնք ձախ ներդիրի մնացած մասից անջատվում են հորիզոնական գծով: Հորիզոնական գծից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «վկայական N ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը:

Վկայականի ձախ ներդիրի ներքևի ձախ եզրային մասում, հորիզոնական գծի եզրին կից փակցվում է քրեակատարողական ծառայողի 3,5 x 4,5 սմ չափերի գունավոր դիմահայաց լուսանկարը` համազգեստով, պարզորոշ երևացող ուսադիրներով:

Քրեակատարողական ծառայողի լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ տպագրվում են քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը:

Ձախ ներդիրի ստորին մասում` լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ տպագրվում են «Հաշվեցուցակային զենք կրելու իրավունքով» բառերը, եթե տվյալ քրեակատարողական ծառայողն օգտվում է նման իրավունքից: Այնուհետ, առանձին տողով տպագրվում են «Ուժի մեջ է մինչև ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով համապատասխան ամսաթիվը և տարեթիվը: Այդ տողից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «նախարար`» բառը, որի կողքին դրվում է նախարարի ստորագրությունը, կամ համապատասխանաբար` վկայականը ստորագրելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը և ստորագրությունը:

10. Վկայականի աջ ներդիրը տպագրվում է ռուսերեն և հանդիսանում է ձախ ներդիրի բառացի թարգմանությունը (հավելված 1/2): Վկայականի աջ ներդիրի վրա լուսանկար չի փակցվում:

11. Վկայականի ներդիրները կնքվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ստորին մասում, իսկ մյուս մասը` ներդիրի վրա:

12. Վկայականը տրամադրվում է մինչև հինգ տարի ժամկետով:

13. Վկայականի ներդիրները կարող են պատվել թափանցիկ շերտով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Վկայական տրամադրվում է պաշտոնի նշանակման, փոխադրման, կոչման շնորհման, պաշտոնի կամ կոչման իջեցման, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ: Նշված դեպքերում ծառայողները հնգօրյա ժամկետում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում) կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողին են ներկայացնում դիմահայաց, գունավոր և երկու համապատասխան լուսանկար:

Նոր վկայական տրամադրվում է լուսանկարը հանձնելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նոր վկայական տրամադրվում է նախկին վկայականը հանձնելուց հետո:

(14-րդ կետը փոփ. 09.11.10 N 181-Ն)

15. Վկայականը տրամադրում է, ինչպես նաև վկայականի ձևաթղթերը պատրաստելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է ստորաբաժանումը:

(15-րդ կետը փոփ. 09.11.10 N 181-Ն)

16. Վկայականը կարող է փոխարինվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվել են, կատարված գրառումներում հայտնաբերվել են անճշտություններ կամ այն որևէ այլ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

17. Վկայականը փոխարինելու համար ստորաբաժանում են ներկայացվում փոխարինման ենթակա վկայականը և երկու համապատասխան լուսանկար:

Եթե փոխարինման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

(17-րդ կետը փոփ. 09.11.10 N 181-Ն)

18. Վկայականը կորցնելու դեպքում քրեակատարողական ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ստորաբաժանմանը` դրա վերաբերյալ տալով գրավոր բացատրություն:

Կորած վկայականի փոխարեն քրեակատարողական ծառայողին նոր վկայական տրամադրվում է վկայականի կորցնելու հանգամանքները պարզելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Նոր վկայական տրամադրելու դեպքում կորած վկայականը ճանաչվում է անվավեր:

(18-րդ կետը փոփ. 09.11.10 N 181-Ն)

 

 

Հավելված 1/1

 

 

 

Հավելված 1/2

 

 

 

(Հավելվածը փոփ. 09.11.10 N 181-Ն)