29/12/2005

ՀՀ կառավարության որոշումը քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, հաշվարկման եվ վճարման կարգը հաստատելու մասին

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 19 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2303-Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 12
Երևան


 



Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 29-ի N 2303-Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության համար վճարվող հավելավճարների չափը, դրանց հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները:

2. Արտաժամյա ծառայության համար քրեակատարողական ծառայողին վճարվում է հավելավճար՝ արտաժամյա ծառայության յուրաքանչյուր մեկ ժամվա համար տվյալ ծառայողի դրամական բավարարման մեկ տոկոսի չափով, իսկ հանգստյան և տոն օրերին ծառայության համար՝ ծառայության յուրաքանչյուր մեկ ժամվա համար տվյալ ծառայողի դրամական բավարարման 2 տոկոսի չափով:

3. Արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության համար սույն կարգի 2-րդ կետում նշված հավելավճարների փոխարեն քրեակատարողական ծառայողի ցանկությամբ տրամադրվում են համապատասխան թվով հանգստյան օրեր (ժամեր):

4. Քրեակատարողական ծառայողն արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության է ընդգրկվում, եթե`

ա) կատարում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման համար անհրաժեշտ աշխատանք.

բ) անհրաժեշտ է ավարտել սկսած աշխատանքը, որը պատահական կամ չնախատեսված խոչընդոտների պատճառով չէր կարող ավարտել նորմալ աշխատաժամանակի ընթացքում, և, եթե սկսած աշխատանքների դադարեցումը կարող է առաջացնել նյութերի փչացում, ոչնչացում կամ սարքավորումների անսարքություն.

գ) աշխատանքի չի ներկայացել հերթափոխային աշխատողը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի անընդհատության խաթարման.

դ) քրեակատարողական հիմնարկում հայտարարվել է արտակարգ իրավիճակ.

ե) սահմանված կարգով հայտարարվել է տագնապ կամ անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն:

5. Արտաժամյա ծառայության վերաբերյալ քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, որն արձակում է համապատասխան հրաման քրեակատարողական ծառայողի արտաժամյա, հանգստյան կամ տոն օրերին ծառայության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկներ և վճարումներ կատարելու վերաբերյալ:

6. Սույն կարգով սահմանված վճարումները կատարվում են ամիսը մեկ անգամ՝ քրեակատարողական ծառայողի արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան