06/06/2002

ՀՀ կառավարության որոշումը նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին


«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2002 թվականի N 789-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.12.08 N 1565-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 12
Երևան

 
 


Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 789-Ն որոշման

  

Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Նոտարի որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

2. Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում: Որակավորման ստուգում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաև հttp://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքի միջոցով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում են ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետն ու վայրը:

3. Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

3) անձնագրի պատճենը.

4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.

5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները և (կամ) սույն կարգի 1-ին կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերում նշված իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական.

6) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից կազմված` դիմորդների անձնական գործերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում և պահվում որակավորման ստուգման ավարտից հետո մեկ տարի:

5. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմը բաղկացած է ութ անդամից, որի ընդհանուր կազմում ընդգրկվում են հավասար թվով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատողներ և նոտարական պալատի կողմից առաջադրված նոտարներ: Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ: Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` հանձնաժողովի կազմից:

6. Հանձնաժողովը`

1) իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը.

2) կազմակերպում է դիմորդների որակավորման ստուգման աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված որակավորման ստուգման՝ յուրաքանչյուր փուլի անցկացման օրվա, ժամի, տեղի մասին որակավորման ստուգման համար դիմում ներկայացրած անձանց քարտուղարի միջոցով պատշաճ ձևով՝ դիմորդների կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկացնում է որակավորման ստուգումից առնվազն տասն օր առաջ.

4) քննում է դիմորդների բողոքները` կապված որակավորման ստուգման կազմակերպման հետ.

5) ընդունում է որակավորման ստուգման կազմակերպման վերաբերյալ այլ որոշումներ.

6) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Քվեարկության արդյունքում ձայների հավասար լինելու դեպքում որոշումն ընդունվում է դիմորդի օգտին:

9. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է հսկողություն որակավորման ստուգման ընթացքի նկատմամբ.

3) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաստատված որակավորման ստուգման յուրաքանչյուր փուլի անցկացման օրվա, ժամի, տեղի մասին որակավորման հանձնաժողովի քարտուղարը որակավորման ստուգման համար դիմում ներկայացրած անձին պատշաճ ձևով՝ դիմողների ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեներով տեղեկացնում է որակավորման ստուգումից առնվազն տասն օր առաջ:

11. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց: Որակավորման ստուգման ընթացակարգի աշխատանքներին հետևելու համար կարող են հրավիրվել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ:

12. Որակավորման ստուգման նպատակը դիմորդների՝ նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստուգումն է:

13. Որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ թեստավորում, գործնական խնդիրների լուծում և հարցազրույց:

14. Թեստերը կազմում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ դիմորդների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք.

3) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

4) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.

5) նոտարական էթիկայի կանոններ.

6) նոտարական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտեր:

15. Թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումն անցկացվելուց տասն օր առաջ պետք է հրապարակվի www.azdarar.am և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքերում:

16. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

17. Յուրաքանչյուր դիմորդի թեստը բաղկացած է 100 հարցից, որոնց լուծման համար դիմորդին տրվում է երկու ժամ ժամանակ:

18. Դիմորդը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովն ստուգում է դիմորդի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ դիմորդը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Դիմորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

19. Թեստավորումն անցկացվում է դիմորդների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

20. Որակավորման ստուգման թեստավորման փուլի ժամանակ դիմորդներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել և օգտվել տպագիր կամ ձեռագիր նյութերից, տեխնիկայի, հեռահաղորդակցության միջոցներից: Սույն պահանջի խախտման դեպքում խախտում թույլ տված դիմորդը հեռացվում է քննասենյակից: Դիմորդին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված դիմորդը համարվում է թեստավորման փուլը չհաղթահարած:

21. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ: Թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան: Դիմորդը պետք է նշի, իր կարծիքով, ճիշտ պատասխանները:

22. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո դիմորդը հարցաթերթիկը հանձնում է հանձնաժողովի անդամին:

23. Թեստավորման ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

24. Թղթային եղանակով թեստերի լուծման ճշտությունն ստուգում է հանձնաժողովը, իսկ համակարգչով լուծված թեստերինը` համակարգիչը:

25. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, ապա հարցի պատասխանը գնահատվում է ճիշտ՝ միայն այն դեպքում, եթե դիմորդը նշել է բոլոր ճիշտ պատասխանները: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանի նշումը, որևէ պատասխան չնշելը կամ ոչ բոլոր ճիշտ պատասխանները նշելը:

26. Թեստավորման փուլի արդյունքների մասին դիմորդը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման փուլի ավարտին հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

27. Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքներն ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:

28. Բողոքարկումը թեստավորման հարցի կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

29. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ դիմորդի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է դիմորդի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

30. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր դիմորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցի կամ ենթադրյալ պատասխանի հետ:

31. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման նախատեսված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է մրցույթի հաջորդ` գործնական խնդիրների փուլ անցած դիմորդների ցուցակը: Գործնական խնդիրների լուծման փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն ութսուն տոկոսին (ութսուն հարցին) ճիշտ պատասխանած դիմորդները:

32. Գործնական խնդիրների լուծման փուլում դիմորդի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ: Խնդիրները լուծելիս դիմորդն իրավունք ունի օգտվելու ձեռագիր ու տպագիր նյութերից և համակարգչային տեխնիկայից: Դիմորդին արգելվում է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:

33. Խնդիրների լուծման փուլի ժամանակ դիմորդներին լուծելու համար տրվում է տասը խնդիր, յուրաքանչյուրը՝ տասը միավոր:

34. Խնդիրները լուծելու համար տրվում է չորս ժամ:

35. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև խնդիրների լուծման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո դիմորդը թերթիկը հանձնում է հանձնաժողովի անդամին:

36. Խնդիրների լուծման ճշտությունն ստուգում է հանձնաժողովը:

37. Յուրաքանչյուր չլուծված խնդրի, ինչպես նաև խնդրի լուծման ժամանակ սխալներ թույլ տալու համար դիմորդի գնահատականը համապատասխանաբար իջեցվում է:

38. Դիմորդը գործնական խնդիրների լուծման փուլի արդյունքների մասին պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան գործնական խնդիրների լուծման փուլի ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

39. Դիմորդը խնդիրների լուծման արդյունքները կարող է բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է երկօրյա ժամկետում: Հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:

40. Բողոքարկումը խնդիրների կամ դրանց ենթադրյալ պատասխանների ճշտության, ինչպես նաև խնդիրների լուծման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

41. Եթե հանձնաժողովը պարզում է, որ արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ դիմորդի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է դիմորդի պահանջը` կատարելով արդյունքների ճիշտ հաշվարկ:

42. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ խնդիր, ապա այդ որոշման հիման վրա վերանայվում և համապատասխանաբար ավելացվում են բոլոր դիմորդների միավորները:

43. Մրցույթի երրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում գործնական խնդիրների լուծումից առնվազն ութսունհինգ միավոր հավաքած դիմորդները:

44. Դիմորդների հետ հարցազրույց անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ՝ հարցազրույցին կարող են ներկա գտնվել նաև այլ անձինք:

45. Դիմորդների հետ հարցազրույցն անցկացվում է բանավոր` նրանց անհատական, բարոյահոգեբանական հատկանիշները գնահատելու նպատակով:

46. Յուրաքանչյուր դիմորդի հետ անցկացվող հարցազրույցն արձանագրվում է թղթային և (կամ) ձայնագրման միջոցով:

47. Թղթային տարբերակով արձանագրությունն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, այն կազմողի և դիմորդի կողմից:

48. Արձանագրության թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչի պատճենը դիմորդի գրավոր պահանջով նրան է հանձնվում դիմելուց հետո մեկօրյա ժամկետում:

49. Հարցազրույցի փուլը հաղթահարած են ճանաչվում այն դիմորդները, որոնց բարոյահոգեբանական տվյալները բավարար են պետության անունից հանդես գալու և նոտարական գործողություններ ու ծառայություններ իրականացնելու համար:

50. Հարցազրույցի արդյունքների մասին դիմորդը պատշաճ կերպով տեղեկացվում է հարցազրույցի փուլի ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

51. Եթե դիմորդներից ոչ մեկը չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում:

52. Որակավորման ստուգումները հաղթահարած անձանց անունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ ստուգումն ավարտելուց հետո հինգ օրվա ընթացքում:

53. Որակավորման ստուգմանը չներկայացած դիմորդները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

54. Որակավորման ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմորդներին վերադարձվում են նրանց ներկայացրած փաստաթղթերը՝ բացի դիմումից:

55. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կարգով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատական կարգով՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

56. Որակավորման ստուգման որևէ փուլի բողոքարկման դեպքում՝ համապատասխան փուլը հաղթահարած մասնակիցների համար մնացած փուլերն անցկացվում են նախապես նախատեսված ժամանակացույցով՝ առանց կասեցման կամ հետաձգման:

57. Որակավորման ստուգման որևէ փուլի վերաբերյալ բողոքները բավարարվելու դեպքում՝ տվյալ անձի (անձանց) համար լրացուցիչ անցկացվում է (են) որակավորման ստուգման մնացած փուլը (փուլերը): Վերադասության կարգով բողոքարկելու դեպքում կրկնակի փուլն անցկացվում է վերադաս մարմնի, իսկ դատական կարգով բողոքարկելու դեպքում՝ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

58. Որակավորման ստուգման արդյունքում դրական միավորներ ստացած անձանց որակավորման ստուգման ավարտի օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում տրվում են որակավորման վկայականներ:

59. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.

2) որակավորման վկայականի համարը.

3) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

4) որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).

5) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:

60. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

61. Նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են հինգ տարի ժամկետով:

62. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվում է որակավորման վկայական ստացած անձանց գրանցամատյան, որում պետք է նշվեն`

1) որակավորման վկայականի համարը.

2) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

3) որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).

4) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը.

5) որակավորման վկայական ստացած անձի բնակության վայրը.

6) տեղեկություններ որակավորման վկայականի վերաձևակերպման մասին:

63. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով:

64. Որակավորման վկայականը տրվում է մեկ օրինակից: Որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչացնելու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և տալիս հայտարարություն www.azdarar.am կայքում: Դիմումի հետ մեկտեղ անձը ներկայացնում է անձնագիր, մեկ գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի, և վճարում է 3.000 դրամ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին:

65. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը վկայականի կրկնօրինակը դիմորդին տալիս է հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 օրվա ընթացքում:

66. Որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում դիմում` վկայականի կրկնօրինակն ստանալու համար: Անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է անձնագիր, մեկ գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի, և 3.000 դրամ:

67. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելուց հետո 3 օրվա ընթացքում:

68. Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

69. Որակավորման վկայական ստացած անձի անվան, ազգանվան, հայրանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից 15-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայական ստանալու համար:

70. Վկայական չստացած անձը նոր որակավորման ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան:

(Կարգը փոփ. 10.02.05 N 151-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.12.08 N 1565-Ն, խմբ. 29.09.11 N 1463-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան