Քաղաքացիների ընդունելություն
Քաղաքացիների ընդունելություն
ՀՐԱՄԱՆ N 47-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«11» ԱՊՐԻԼԻ 2011 Թ. Ք. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 73-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին N 1917-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի դ) ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կարգը սահմանելու մասին» N 73-Ա հրամանի N 1 հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նախարարի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր ամսվա յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրերին, ժամը 11.00-ից մինչև՝ 13.00-ն։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2008 թվականի հուլիսի 21-ի
N 73-Ա հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) և նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգը և պայմանները։
2. Նախարարի կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է պարբերաբար՝ յուրաքանչյուր ամսվա յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ օրերին, ժամը 11.00-ից մինչև՝ 13.00-ն։
3. Նախարարն ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց դիմումը (բողոքը) օրենքով սահմանված կարգով ներկայացրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, ինչի կապակցությամբ իրենք ցանկանում են Նախարարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները։
Եթե պատասխանը տրվել է այնպիսի ստորաբաժանման պետի կողմից, որի գործունեությունը համակարգում է նախարարի որևէ տեղակալ, ապա պատասխանի առնչությամբ ընդունելություն հայցող քաղաքացուն, նախ ընդունում է համապատասխան տեղակալը, և միայն վերջինիս պատասխանից բավարարված չլինելու դեպքում, կազմակերպվում է ընդունելություն՝ նախարարի մոտ։
Առանձին դեպքերում, հաշվի առնելով բարձրացված հարցի հասարակական մեծ հնչեղությունը և լուծման ենթակա հարցի հրատապությունը, նախարարի որոշմամբ, կարող է կազմակերպվել արտահերթ ընդունելություն, որի դեպքում սույն կետի պահանջները չեն գործում։
4. Նախարարի տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը 11։00-ից մինչև՝ 12։00-ն։
5. Նախարարի տեղակալներն ընդունում են այն քաղաքացիներին, ովքեր վիճարկում են վերջիններիս համակարգման շրջանակներում գործող ստորաբաժանումների պետերի կողմից տրված պատասխանները։
Նախարարի տեղակալի կողմից արտահերթ ընդունելությունը կազմակերպվում է սույն կարգի 3-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված կարգով։
6. Ընդունելության օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը փակցվում է նախարարության վարչական շենքում՝ քաղաքացիների համար տեսանելի տեղում։
7. Նախարարի և նախարարի տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է քաղաքացու դիմումին (բողոքին) պատասխանած համապատասխան ծառայողի կամ նրա անմիջական ղեկավարի մասնակցությամբ։
8. Ընդունելություն հայցող քաղաքացիների հերթագրումը, ընդունելության գործընթացը և կայացվող որոշումների արձանագրումը կազմակերպում են համապատասխանաբար Նախարարի և նրա տեղակալների օգնականները։
Օգնականներն ընդունելության ընթացքում ստացված դիմումները (բողոքները), դրանց քննարկման առնչությամբ տրված հանձնարարականները անհապաղ փոխանցում են նախարարության աշխատակազմի ղեկավարին։
(կարգի 2-րդ կետը փոփ. 11.04.2011 թ., հրաման N 47-Ա)