Հրայր Թովմասյան. «ՀՀ-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել»

28/06/2012

Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին կայացած և վերջնական որոշում է: Այս մասին Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ Հայաստանի Հանրապետություն-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել, նոր որակ է ստացել: «Դժվար է հիշել կառավարության մի նիստ կամ որևէ քննարկում, որտեղ այս կամ այն որոշումը քննարկելիս հարցադրում չարվի, թե որքանով են այս ստանդարտները, որոշումները համապատասխանում ԵՄ չափորոշիչներին՝ սկսած սահմանների, սննդի անվտանգությունից մինչև արդարադատություն ու ազատություն»,-գրում է ՓԱՍՏԻՆՖՈ-ն:

ՀՀ արդարադատության նախարարն ընդգծեց նաև, որ եվրաինտեգրման ճանապարհը բավականին բարդ է եղել՝ տասնյակ գործոններ խոչընդոտել կամ շարունակում են խոչընդոտել՝ մտածողություն, իներցիա, խորհրդային անցյալ: «Այս բոլորն այն գործոններն են, որոնք պիտի հաղթահարենք»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարն, ընդգծելով, որ այդ ճանապարհով գնալու Հայաստանի քաղաքական իշխանությունների կամքը դրսևորվում է կոնկրետ քայլերով, այդ թվում՝ օրենսդրական ակտերի փոփոխություններով:

Հրայր Թովմասյանը կարևորեց արդարությունն, ազատությունն ու անվտանգությունը և այդ հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքները: Ցանկացած ՀՀ քաղաքացի, նախարարի համոզմամբ, առաջին հերթին ցանկանում է, որպեսզի երկրի անվտանգությունը և հանրային կյանքն արդարության սկզբունքի վրա կառուցված լինեն: «Սրանք այն գլխավոր երկու երաշխիքներն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պետությանը զարգանալու: Առանց այս երկուսի հանրային կյանքի, ցանկացած այլ ոլորտի բարեփոխւմներ մատնված են ձախողման»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը: