Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել

11/04/2014

 Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: 

 Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, խմբում ընդգրկված են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Ա.Չիլինգարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ.Առաքելյանը, «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը, Հայաստանի ակտուարների միության նախագահ Ա. Անանյանը:

 Աշխատանքային խմբի առաջիկա նիստը կկայանա ապրիլի 15-ին: