Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության պատասխանը

27/06/2012

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ապահովելու գործում, ինչպես նաև մեծապես արժևորում է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումներին արագ արձագանքելու վերջինիս վճռականությունը: 
Այդուհանդերձ, մարդու իրավունքների պաշտպանի դերակատարումը և նրա նկատմամբ հանրային վստահությունը մեծապես շաղկապվում է նրա գործողությունների արժանահավատությանը, խնդիրների էության մեջ ներթափանցելու և մասնագիտական խորաթափանցություն դրսևորելու կարողություններին:
Մինչդեռ, տվյալ դեպքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շտապում է հայտարարություն տարածել առանց քաղաքացու կողմից ներկայացված դիմումը և դրան առնչվող փաստական հանգամանքները բազմակողմանի ուսումնասիրելու, ինչպես նաև` անտեսելով իր հարցմանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրած տեղեկատվությունը:
Այսպես, խնդրո առարկա հանդիսացող` ՀՀ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանի գործով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը ԴԱՀԿ ապահովող ծառայության ենթադրյալ անգործության` պարտապանի գույքի վրա «անհապաղ» արգելանք չդնելու պատճառով «զրկվել էր իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից»: 
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անձի դիմումը ստանալու պահից ոչ թե «անհապաղ», այլ օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հարուցել է կատարողական վարույթ, որից հետո գործով պարտապանը անմիջապես ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրել է կատարողական թերթով սահմանված գումարն ամբողջությամբ՝ 2 600 000 ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն անձն իրավունք ունի մուծել իրենից պահանջվող գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ` ինչը համարվում է կատարողական թերթով սահմանված պարտավորությունների կատարում:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դատարանի կողմից գումարը բռնագանձելու մասին կատարողական թերթը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայություն մուտքագրվելուց հետո գործով պարտատեր Վարդանուշ Թովմասյանը 17.01.2012 թվականին ստացել է ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունից 2600000 ՀՀ դրամ գումարը: Հետևաբար` քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության գործողությունների արդյունքում ստանալով կատարողական թերթով սահմանված 2 600 000 ՀՀ դրամ գումարը, չէր կարող, ինչպես նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, «զրկված լինել իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից»: 
Հարկ է անդրադառնալ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեղադրանքներին առ այն, որ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ենթադրյալ «արհեստական և չհիմնավորված ձգձգման հետևանքով» թույլ է տվել, որ պարտապանը հասցնի վաճառել իրեն պատկանող սեփականությունը:
Կատարողական վարույթի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող միակ անշարժ գույք է հանդիսանում իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: Դատարանի կողմից գործի շրջանակներում տրվել է իր կայացրած վճռի պարզաբանում, որի համաձայն Վարդանուշ Թովմասյանին վճարված 2600 000 ՀՀ դրամ գումարին հավելյալ ենթակա էր վճարման ևս 300 000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև հաշվարկված տոկոսներ: 
Նշված լրացուցիչ գումարները բռնագանձելու պահանջը կատարելու համար ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել հենց վերը նշված` պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ և նշվածից ակնհայտ երևում է, որ պարտապանին պատկանող գույքը վաճառված լինելու դեպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գույքի վրա: 
Այնուամենայնիվ, ի տարբերություն պաշտպանի հայտարարության, հիշյալ գույքը առ այսօր գտնվում է արգելանքի տակ և ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասյանին տեղեկացվել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարը և տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու և առանձնացված մասի վրա բռնագանձում տարածելու համար: 
Մինչդեռ, քաղաքացի Վարդանուշ Թովմասյանը, ստանալով կատարողական թերթով սահմանված գումարը և ձեռնպահ մնալով դատարանի կողմից սահմանված լրացուցիչ գումարի և տոկոսների բռնագանձումն ապահովելու համար պարտապանի բնակարանից բաժնեմասն առանձնացնելու հայցով դատարան դիմելուց, փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության վրա` թյուրիմացության մեջ գցելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: