Նախարարի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ

20/09/2013

  Սիրելի՛ հայրենակիցներ,

  Սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենագլխավոր օրն է: 22 տարի առաջ ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու ձգտմամբ «այո» ասացինք մեր երկրի անկախությանը:

  22 տարի, դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, աշխարհին ապացուցեցինք անկախ ապրելու մեր իրավունքը:  22 տարի առաջ գիտակցված ընտրություն կատարեցինք և ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում:  Այսօր էլ պատասխանատու ենք մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ժողովրդի համար: Այսօր էլ պարտավոր ենք աշխարհին  ապացուցելու ազատ ու անկախ ապրելու,  սեփական  ճակատագրին տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու  հաստատակամությունը:  

  «Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը: Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում»: Սա է պատգամել է մեզ Գարեգին Նժդեհը, և ուրեմն այսօր, առավել քան երբևէ, արդիական է այս պատգամը բոլորիս համար՝ մեծից փոքր, շարքային քաղաքացուց  մինչև պաշտոնյա:

                       Շնորհավո՛ր Հայաստանի անկախ Հանրապետության ծնունդը: