Հրայր Թովմասյանն ընդունել է ԳՄՀԸ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին

09/07/2013

  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին, ով ավարտում է իր առաքելությունը տարածաշրջանում:

  Գերմանական կառավարության նախաձեռած այս համագործակցությունը Հայաստանի հետ սկիզբ է առել շուրջ 10 տարի առաջ:

  Նախարար Հրայր Թովմասյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել  տարածաշրջանում ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին   հատկապես արդյունավետ համագործակցության համար: «Սրտանց շնորհակալ եմ և համոզված, որ կշարունակեք մնալ հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը»,- իր խոսքում նշել է Արդարադատության նախարարը, ապա Ցենո Ռայխենբեխերին  պարգևատրել  ՀՀ արդարադատության  նախարարության Շահամիր Շահամիրյանի անվան ոսկե հուշամեդալով՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:

  Ցենո Ռայխենբեխերն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար շեշտելով, որ այս տարիների համագործակցության արդյունք էր նաև դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, ինչն իրագործելու համար կշարունակեն աջակցել թե՛ ԳՄՀԸ-ի թիմը, և թե՛ տարածաշրջանում ծրագրի ապագա ղեկավարը:

  «Շատ կուզենայի, որպեսզի այդ հրաշալի ծրագիրը լիովին կյանքի կոչվեր»,- ասել է Ցենո Ռայխենբեխերը:

Հրաժեշտի հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը: