ՀՀ արդարադատության նախարարությունը հկ-ների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու OMNIBUS Survey համակարգչային ծրագրով ՀՀ ինքնագնահատման հարցաշարի ամփոփմանը

05/12/2012

Սույն թվականի հունիսի 18–22–ին Վիեննայում կայանցած ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կողմից ստեղծված կոնվենցիայի իրականացման վերահսկման խմբի երրորդ հանդիպման ընթացքում  վիճակահանությամբ հաստատվել են Հայաստանում կոնվենցիայի կիրառման մոնիտորինգը իրականացնող երկու երկրները՝ Ղրղզստանը և Լիտվան:

 

Համաձայն կոնվենցիայի վերահսկման մեխանիզմի՝ տվյալ փուլում երկրները պետք է ներկայացնեն Կոռուպցիայի դեմ պայաքարի կոնվենցիայի 3–րդ՝ «Քրեականացում և իրավապաշտպան գործունեություն» և 4–րդ՝ «Միջազգային համագործակցություն» գլուխների իրականացման արդյունքները։

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ՄԱԿ-ի քարտուղարություն ներկայացնել պատշաճ կերպով լրացված ինքնագնահատման հարցաշարը, կոռուպցիայի ոլորտին առնչվող իրավական դաշտը, նշյալ ոլորտում իրականացված աշխատանքները ։ Հարցաշարի հիման վրա կազմվելու է երկրում ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման զեկույցը։

 

Վերը նշված աշխատաքներն իրականացնելու համար ընդունվել է «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՀՀ Վարչապետի 14.04.2012թ. թիվ 339-Ա որոշումը, որի նպատակն է իրականացնել ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից հարցաշարերի պատասխանների ուսումնասիրության և ամփոփման աշխատանքները և Հայաuտանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման լրացված հարցաշարը։

 

  Ի կատարումն ՀՀ Վարչապետի 14.04.2012թ. թիվ 339-Ա որոշման՝ իրականացվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի համապատասխան հոդվածների բաշխումը՝ ըստ նշված որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների: ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման զեկույցը կազ­մելու և այդ կապակցությամբ կոռուպցիայի ոլորտին առնչվող իրավական դաշտը, այդ ոլոր­տում իրականացված աշխատանքները և լավագույն փորձը ներկայացնելու համար, Հայաս­տանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարը լրացնելու նպատա­կով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են տեղեկատվություն, որն ընդգրկվել է ինքնագնահատման հարցաշարի պատասխաններում:

 

  Կոնվենցիայի իրականացմանն առնչվող հարցաշարը լրացվելել է OMNIBUS Survey  համակարգչային ծրագրի միջոցով: Աշխատանքային խմբի կողմից OMNIBUS Survey  համակարգչային ծրագրով Հայաս­տանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարը լրացնելու աշխատանքների ավարտի կապակցությամբ, ինչպես նաև կարևորելով է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը սույն թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 10:30-ին հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին  մասնակցելու OMNIBUS Survey համակարգչային ծրագրով Հայաս­տանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարի  ամփոփմանը՝  հույս ունենալով, որ վերջինները առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա: