ՀՀ արդարադատության նախարարության կայքը մեծ առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը. ԽԱՊԿ
04/12/2012
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը պետական կայքերի մշտադիտարկում է անցկացրել, ըստ այդմ` ՀՀ արդարադատության նախարարության կայքը էական առաջընթաց է գրանցել ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2011 թվականի տվյալներով` ՀՀ ԱՆ կայքը զբաղեցնում էր 22 –րդ հորիզոնականը: Հետազոտության նպատակը պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելն է:
Մոնիտորինգի համար ՀՀ օրենսդրության մեջ որպես հիմնական ուղենիշ են ծառայել սահմանադրական դրույթները, որոնք երաշխավորում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը` պետական կառույցներից ստանալու պաշտոնական տեղեկատվություն՝ ելնելով անձնական եւ / կամ հասարակական շահերից, ինչպես նաեւ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է հարաբերություններն այս ոլորտում: Մոնիտորինգի արդյունքները տեսանելի են դարձնում, թե որքանով է հաջողվում լուծել այս խնդիրները պետական կայքերի միջոցով:
Չնայած ՀՀ արդարադատության նախարարության կայքի բարելավմանը՝ Կոմիտեն նշել է նաև կայքի բացթողումները՝ ՛՛ ՀՀ ԱՆ կայքում բացակայում են խորհրդատվական, խորհրդակցական եւ կոլեգիալ բաժինների, ինչպես նաեւ համազգային ծրագրերի, ստուգումների վերաբերյալ տվյալները՛՛:
ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողականորեն շարունակում է շտկումներ կատարել կայքում, հաշվի են առնվում ոչ միայն «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» առաջարկներն ու դիտողությունները, այլ նաև վերացվում են սեփական ուժերով անցկացրած դիտարկումների արդյունքում բացահայտված թերություններն ու բացթողումները: