ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին

30/11/2012

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

 

Բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև համագործակցության ներկա մակարդակը, նախարար Թովմասյանն ընդգծեց, որ, հատկապես իրավական ոլորտում, երկու երկրների միջև համագործակցությունը կարող է օրինակ ծառայել ինչպես մյուս ոլորտների, այնպես էլ այլ երկրների հետ համագործակցության համար: Հրայր Թովմասյանը կարևորեց նաև օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներում GIZ կազմակերպության աջակցությունը:

 

Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրեց նաև հանրապետությունում առկա խնդիրները՝ առանձնացնելով կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը և հաշվետու դատական իշխանություն ունենալու հարցը: «Մենք գիտակցում ենք, որ առանց այդ խնդիրների լուծման մեր երկրում բազմաթիվ խոչընդոտներ կլինեն առաջընթացի ճանապարհին»- իր խոսքում նշեց նախարարն՝ ավելացնելով նաև, որ նշված խնդիրների լուծման պատասխանատվությունը մերն է, մեր փոխարեն ոչ մի այլ երկիր չի կարող դրանք լուծել, բայց կարող են աջակցել: «Մենք չենք թաքցնում առկա խնդիրները, բայց նաև հայտարարում ենք, որ գիտենք և տեսնում ենք դրանց լուծման ճանապարհները»- շարունակելով միտքն ասաց նախարար Հրայր Թովմասյանը:

 

  Շնորհակալություն հայտնելով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար, դեսպան Ռայներ Մերելը նկատեց, որ Գերմանիայում ևս կան կոռուպցիոն երևույթներ, «մեզ նույնպես մեղադրում են դրա համար, դրանք իսպառ բացառել հնարավոր չէ, սակայն Գերմանիայում, երբ նման դեպք է լինում անմիջապես հետևում է համապատասխան իրավական արձագանքը՝ ինչն այլ երկրներում կամ քիչ է կամ ընդհանրապես բացակայում է»: Ուստի, անսպառ էներգիա և ուժեղ կամք մաղթելով, դեսպան Մորելը միևնույն ժամանակ ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մյուս խնդիրները լուծելու համար պարարտ հող և բարենպաստ դաշտ ստեղծվի:

 

Շնորհակալություն հայտնելով այցելության և արդյունավետ քննարկումների համար՝ նախարար Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը, դրանում ակնկալելով նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մոլերի գործուն աջակցությունը: