Հրայր Թովմասյան. Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են լինելու. news.am

22/06/2012

 Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են սպասվում: News.am-ի տեղեկացմամբ, այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ  ծրագիրը նախօրեին ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:   «Հայաստանի նախագահի մոտ քննարկումներից պարզ դարձավ, որ էպիզոդիկ փոփոխությունները կարող են տալ կարճաժամկետ արդյունք, բայց երկրում հարկավոր են արմատական դատաիրավական բարեփոխումներ»,- նշեց նա` ներկաայցնելով նոր բարեփոխման հիմնական ուղղությունները. «Նոր ծրագիրը տարբերվում է նախորդ բարեփոխումներից: Երեկ խորհրդակցություն է կայացել նախագահի մոտ եւ հավանություն է տրվել ծրագրին: Սա մի ծրագիր է, որը չի սահմանափակվում միայն դատական իշխանությունով: Փոփոխությունները լայն ընդգրկում ունեն»:  Ըստ նախարարի, «ցանկացած հասարակության զարգացման գրավական երկուսն են` պաշտպանության համակարգն ու արդարադատությունը: Պետությունը կզարգանա, եթե հիմնված լինի արդարադատության վրա»:  

 Նոր ծրագիրը ներառում է դատարանակազմության խնդիրներ: «Բազմիցս է քննադատվել, թե ինչպես են մարդիկ դառնում դատավոր, դատախազ: Շատ է քննադատվել գործերի բաշխումը դատավորների միջեւ, չեմ ժխտում, որ եղել են կեղծիքներ, նաեւ այն պատճառով, որ չկար գործերի բաշխման արդյունավետ համակարգ: Մենք խնդիր ունենք դատավորների պատրաստման առումով, շուտով կգործի արդարադատության ակադեմիան, որը որոշ չափով կլուծի այդ խնդիրը»,- ասել է նախարարնո ւ հավելել, որ ծրագրում հստակ մեխանիզմներ կան դատարաններում գործերի անհարկի ձգձգումներից խուսափելու համար, փոխվելու է Արդարադատության խորհրդի աշխատաձեւը:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով: