Դեպի վեր

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

22/07/2020 Տառատեսակի
չափսը
A A A

 Արդարադատության նախարարությունը Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։ «Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը և հավելել, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը մանրամասնել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։

Նախարար Բադասյանն այս բարեփոխումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Միասնական գրասենյակում ծառայություն մատուցող բոլոր պետական մարմիններին և ընդգծել, որ առանց համատեղ ներդրման՝ այս նախաձեռնությունն իրականացնել հնարավոր չէր լինի։

Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):

  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին:

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։

Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն