Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին

27/11/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ կատարած այցի շրջանակում այսօր մասնակցել է  ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին:

Ողջունելով գործընկեր երկրների արդարադատության նախարարներին՝ Ռուստամ Բադասյանը կարևորել է Խորհրդի հերթական հանդիպումը և անդրադարձել օրենքի գերակայությանը, հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ու կոռուպցիային և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի:

Խոսելով Հայաստանում բնակչությանը մատուցվող պետական ծառայությունների մեխանիզմների կատարելագործումից՝ նախարարը կարևորել է Կառավարության կողմից այդ ​​ծառայությունները մասնավոր հատվածին և համայնքներին պատվիրակելու նախաձեռնությունը, որը միտված է մենաշնորհի և կոռուպցիոն ռիսկերի վերացմանը, ինչպես նաև այդ ծառայությունները քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն: Այդ համատեքստում արդարադատության նախարարը կարևորել է նաև Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոն ստեղծելու միջոցառումը և այդ հարցում էլեկտրոնային գործիքների ներդրումը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից գերակա ուղղություն հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ թեև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, այդուհանդերձ, այս պայքարում Հայաստանի ջանքերը  շարունակական ու համակարգված են լինելու. պայքարն իրականացվելու է ինչպես ռազմավարական միջոցառումների, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման միջոցով:

Նիստի ընթացքում նախարար Բադասյանը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում անդրադարձել է նաև իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև Հայաստանի՝ անդամ պետություններին ուղղված առաջարկին՝ ստեղծելու միասնական էլեկտրոնային ցանց՝ կարճ ժամկետում քաղաքացիական գրանցման ոլորտում տեղեկություն փոխանակելու վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն