Դեպի վեր

«Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» թեմայով դասընթաց՝ լրագրողների համար

22/11/2019 Տառատեսակի
չափսը
A A A

 Ընտանեկան բռնության դեմ պայքարի և այն կանխելու, ներկա և հետագա նախաձեռնությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» խորագրով դասընթաց-քննարկում: «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում կազմակերպված դասընթացին մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, անկախ լրագրողներ, ուսանողներ:

Դասընթացն իրականացվել է ՀՀ  արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ համատեղ:

Այն ներառել է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանմանը վերաբերող իրավական, մեդիա և հոգեբանական թեմաներ:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը բացման խոսքում կարևորել է ԶԼՄ-ների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ճիշտ և զգայուն լուսաբանման անհրաժեշտությունը:

Իրավաբան փորձագետ Սուրեն Քրմոյանը խոսել է երեխաների անձնական տվյալների և երեխայի լավագույն շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին, զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալների հրապարակայնության ու երեխաների կյանքի հետագա որակի վրա դրանց ազդեցության մասին: Նա անդրադարձել է նաև համացանցում երեխաների անվտանգության խնդիրներին վերաբերող թեմաներին և դրանց իրավական լուծումներին:

Մեդիա հաղորդակցման փորձագետ Աստղիկ Աբրահամյանը լրագրողներին ներկայացրել է երեխաների նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի լուսաբանման միջազգային փորձն ու չափորոշիչները: Լրագրողները, թեմայի շուրջ խոսելիս, ներկայացրել են իրենց մասնագիտական փորձը, առաջարկել թեման լուսաբանելու նոր լուծումներ:

Դասընթացի կարևոր ու բովանդակային մասն է կազմել նաև բռնության դեպքերի լուսաբանման գործընթացում կրկնազոհության խնդիրը և, լուսաբանման նպատակով, բռնության ենթարկվածին զգայուն մոտեցում ցուցաբերելը, ինչի մասին հանգամանորեն խոսվել, քննարկվել ու ինտերակտիվ դաս է կազմակերպվել հոգեբան փորձագետ Հասմիկ Հովակիմյանի կողմից:
Կենտրոնը շարունակելու է կազմակերպել ընտանեկան բռնության խնդիրներին ուղղված քննարկումներ և դասըթացներ` արդյունավետ համագործակցության արդյունքում լուծումներ գտնելու նպատակով:

Դասընթացն իրականացվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Հայաստանի ներուժի ամրապնդում  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության  դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի  շրջանակում:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն