Հանրային քննարկման է ներկայացվել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը

09/08/2019

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/1852/justification-ում, հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Դրանց ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:

Նախագծերով, ի թիվ այլ կարգավորումների, նախատեսվում է`

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Սա կարող է դիտվել որպես էական կարգապահական խախտում և ԲԴԽ կողմից կայացվել որոշում` դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին :
  • Ընդլայնել  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները հայտարարագրերի վերլուծության կարողությունների զարգացման նպատակով:
  • Հստակեցնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
  • Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը  դարձնել կարգապահական վարույթ հարուցելու  առիթ:
  • Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում, բացի դատավորներից, առաջարկվում է ընդգրկել ՄԻՊ-ի մեկ և քաղհասարակության երկու ներկայացուցիչների, նշված Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար:
  • Դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվելու է 25 տարեկանի` հիմքում դնելով նաև միջազգային փորձը:
  • Ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ ոլորտը բարեփոխելու լավագույն լուծումները մշակելու նպատակով: