Դեպի վեր

ՄԱԶԾ-ն կաջակցի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. նախարար Զեյնալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական համակարգողին

07/06/2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինին:

Նախարար Զեյնալյանը, բարձր գնահատելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ ընթացիկ համագործակցությունը, անդրադարձել է ՀՀ կառավարության  առաջնահերթություններին՝ դատաիրավական բարեփոխումներին, այդ թվում նաև դատավորների գնահատման գործընթացի պատշաճ իրականացմանն առնչվող մի շարք հարցերի: Այդ համատեքստում, նախարարը կարևորել է ՄԱԿ-ի գործընկերների կողմից հնարավոր սեղմ ժամկետներում նշված գործընթացով անցած երկրների լավագույն փորձի ու Հայաստանի Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման ներկա փուլում դատավորների բարեվարքության գնահատման վերաբերյալ փորձագիտական կարծիքի տրամադրումը:

Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կամք դատական իշխանության անկախության ապահովման նպատակով դատաիրավական բարեփոխումների ամբողջ գործընթացն իրականացնել Եվրոպայի խորհրդի չափանիշներին ու պահանջներին առավելագույնս համապատասխան: 

Արդարադատության նախարարը անկախ դատական համակարգ ունենալու կարևոր երաշխիքներից է համարել դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացումն ու դատավորների գերծանրաբեռնվածության նվազեցումը: Վերջինի լուծման առումով Արտակ Զեյնալյանը կարևորել է դատավորների թվի ավելացումն ու արհեստական ինտելեկտի ներդնումը, իսկ աշխատավարձերի բարձրացման հարցում՝ կարճաժամկետ փուլում, ակնկալել միջազգային գործընկերների աջակցությունը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն առավելագույնս կաջակցի Հայաստանին դատաիրավական բարեփոխումներն իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հնարավոր հանրաքվեի անցկացման հարցում ՄԱԶԾ աջակցության հնարավորությունները:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն