Դեպի վեր

Փոխնախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ շրջանակում կազմակերպված հանրային քննարկում

24/05/2019

Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:

Փոխնախարար Քոչարյանը բացման խոսքում ողջունել է քննարկման մասնակիցներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումը հնարավոր է հաջող կյանքի կոչել միայն քաղհասարակության որոշիչ դերակատարմամբ, ինչն ամրագրված է նաև համաձայնագրով:

Քննարկման ընթացքում Վիգեն Քոչարյանը մասնակիցներին տեղեկացրել է Կառավարության՝ մարդու իրավունքների ռազմավարության և գործողությունների 2020-2022 թթ. ծրագրի մշակման և ընդունման անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ ակտիվ համագործակցության հորդոր է հնչեցրել: Փոխնախարարն արձանագրել է նաև, որ նման հիմնարար փաստաթղթերի շուրջ աշխատանքներում Արդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակությանը դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ՝ համահեղինակ:

Փոխնախարար Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քաղհասարակության հետ համագործակցության առաջին հրավերի համար և քննարկման մասնակիցներին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Այնուհետև, հաջորդել է հարց ու պատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն