Արդարադատության նախարարը չեխ գործընկերներին ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

30/04/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիայի խորհրդարանի կողմից վավերացնելու համար և ընդգծել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում, մասնավորապես, դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումներից և առաջիկա ծրագրերից:

Արտակ Զեյնալյանի խոսքով, հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ չէին աշխատում ընտրական ինստիտուտները, և իշխանությունը չէր ձևավորվում ժողովրդի կամքով: Որպես հեղափոխության մեծագույն ձեռքբերում՝ նախարարն առանձնացրել է երկու մեծ ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքների նկատմամբ կա ողջ ժողովրդի վստահությունն ու հավատը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին՝ Արտակ Զեյնալյանն առանձնացրել է դատական իշխանության մատչելիության ու արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովումը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջին մեկ տարում բարելավվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավակիրառ պրակտիկան, ՔԿՀ-ների պահման պայմաններն ու սննդի որակը, մամուլի ազատության վիճակը և այլն: Արտակ Զեյնալյանը նաև ընդգծել է, որ ներկայում տնտեսությունն ազատականացված է, որևէ գործարար հովանավորություն չի վայելում, ՀՀ-ում բիզնես գրանցելը 15-ից 30 րոպեի ընթացքում է կատարվում, որը հնարավոր է իրականացնել նաև համայնքներում գործող պետական ծառայություններ մատուցող օպերատորների գրասենյակներում: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է նաև, որ բիզնես գրանցելու ոլորտում կտրուկ աճ է արձանագրվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցումային արդարադատությանը, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: