Դեպի վեր

Աննա Վարդապետյանն այցելել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին միացած Ջրվեժի համայնքապետարան

27/04/2019

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 26-ին այցելել է Ջրվեժի համայնքապետարան, որտեղ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակը 2019 թվականի հունիսի 1-ից կսկսի մատուցել նաև պետության կողմից պատվիրակված 60-ից ավելի ծառայություններ:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի: Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում: Կառավարության որոշմամբ ծրագրին միացած համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում:

Նախարարի տեղակալը համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ քննարկել է ծառայությունների տրամադրմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել նաև հնարավոր խնդիրներին՝ կապված դրանց մասին քաղաքացիներին իրազեկելու և պետության կողմից մատուցվող ծառայություններից տեղում օգտվելու ծավալը փուլ առ փուլ մեծացնելու հետ:  

Համայքապետարանում փոխնախարար Աննա Վարդապետյանը հանդիպել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Դիրք Շաթշնայդերին, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփային, Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի  ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական ծառայությունները համայնքներին պատվիրակելու արդյունքում վերջիններիս զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Աննա Վարդապետյանի խոսքով՝ ծառայությունների պատվիրակումը դեռևս առաջին փուլն է, առավել կարևոր է դրանց արդյունավետ կատարմանը հետևելը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը ծանոթացել է GIZ-ի կողմից՝ Գերմանական համագործակցության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կարողություններին:

Նշենք, որ գործող օպերատորների գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://moj.am/services/service_offices :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն