Դեպի վեր

Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին

26/04/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է  «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին:

     Երևանի մամուլի ակումբի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԱԺ պատգամավորներ, այլք:

     Հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը, կարևորելով մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավար հասարակության մեջ, նշել է, որ բազմաթիվ դատական ակտեր կան, որոնցում արձանագրված է, որ ազատ մամուլը ժողովրդական հասարակության հիմքն է: «Մամուլը երաշխավորն է խոսքի ազատության և իրավունքի, խոսքի ազատության իրավունքը արտահայտվելու ազատության ձևերից մեկն է, իսկ մամուլն ունի շատ լուրջ առաքելություն ժողովրդավարական հասարակության մեջ. այն կոչված է տեղեկություն  հաղորդելու, տարածելու, իսկ այդ տեղեկությունը կառավարելը, առհասարակ, գոյության հիմքն է»,- նշել է արդարադատության նախարարը: Նախարարի համոզմամբ, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ինդեքսն  էական փոփոխության է ենթարկվել, և դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարևոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Սա համընդհանուր ձեռքբերում է, սա ոչ նյութական բարիք է, արժեք»,- ասել է Արտակ Զեյնալյանը և
ավելացրել, որ ազատ խոսքը կարող է նաև ցնցող լինել, բայց դա, ընդամենը, բացառիկ դրսևորումներից մեկը պետք է լինի, սակայն, մեզանում շատ հաճախ բացառիկ դրսևորումը դառնում է օրինաչափություն, իսկ օրինաչափությունը՝ բացառություն:

     Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը և ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն