Բարեփոխումներ հարկադիր կատարման ոլորտում՝ հօգուտ քաղաքացու

21/03/2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Կառավարության այսօրվա նիստում ներկայացրած հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթի նախագիծը հավանության է արժանացել գործադիրի կողմից:

Նախարարը տեղեկացրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը 1998 թվականին ընդունելուց հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որի արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և ՄԻԵԴ վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, իսկ իրավական բացերի արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բախվում է բազմաթիվ գործնական խնդիրների:

Նախարար Զեյնալյանի խոսքով՝ ներկայացված նախագծերով նախատեսվել են հիմնական լուծումներ, որոնք վերաբերում են կատարողական թերթ տալու դիմումի մերժումը բողոքարկման ենթարկելու հնարավորության ստեղծմանը, կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմի ներդրմանը, ծանուցման հարցում առաջնությունը էլեկտրոնային ծանուցմանը տալուն և այլն:

Մասնավորապես, 

1. Ներկայում, երբ պարտատերերը կատարողական թերթ տալու դիմում են ներկայացնում դատարան, դատարանները իրենց գրությամբ մերժում են կատարողական թերթի տրամադրումը, սակայն անձինք հնարավորություն չեն ունենում բողոքարկելու դատարանի նման գրությունները: Այս խնդրի լուծման նպատակով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվել է, որ կատարողական թերթ տալու դիմումի մերժումը ենթակա է բողոքարկման:

2. Սահմանվել են կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմ, ըստ որի՝ քաղաքացին ևս մեկ անգամ հնարավորություն կունենա ակտը առանց հարկադիր կատարողի միջամտության կատարի և չկրի կատարողական ծախսերի բեռը:

3. Վերանայվել են ծանուցման վերաբերյալ կարգավորումները, որոնցով առաջնությունը հիմնականում տրվել է էլեկտրոնային ծանուցմանը: Դրանով նախատեսվում է կրճատել փոստային առաքումների վրա ծախսվող գումարները[1] և ծանուցումները դարձնել առավել արագ և արդյունավետ:

4. Սահմանվել են կարգավորումներ, ըստ որի՝ եթե պարտապանը մասնակի կատարում է իր պարտավորությունը կամ եթե արգելանքը ակնհայտ չի համապատասխանում անձի պարտավորության չափին, ապա հարկադիր կատարողը համապատասխան չափով հանում է արգելանքը: Այսինքն՝ վերջապես ստեղծվում են այն իրավական հիմքերը, որոնք թույլ կտան վերացնել մեր քաղաքացիներին պատճառվող անհարկի անհարմարությունները:

5. Կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու համար սահմանվել է, որ պարտապանը նոր գույք ձեռք բերելու դեպքում պարտավոր է նոր հայտարարագիր ներկայացնել: Բացի այդ, եթե պարտապանը իր անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված կամ չհաշվառված գույք ունի, ապա հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ պետք է կազմակերպի գույքի գրանցումը և հաշվառումը: Այս դրույթը կնպաստի գույքային բնույթի կատարողական թերթերի կատարողականությանը, քանի որ թույլ կտա հայտնաբերել լրացուցիչ գույքեր և գանձում տարածել դրանց վրա:

6.  Ընդլայնվել է բռնագանձման ոչ ենթակա գույքի ցանկը և այդ ցանկում ներառվել են հաշմանդամների համար նախատեսված սարքավորումները, ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիները և թռչունները, ինչպես նաև որպես սոցիալական աջակցություն տրամադրված  գույքը և դրամական միջոցները:

7. Փաստաթղթաշրջանառությունը և դրանից բխող ծախսերը կրճատելու նպատակով ստեղծվել են հիմքեր, որ հետագայում Կառավարության որոշումներով հարկադիր կատարման ծառայության և այլ մարմինների միջև ներդրվեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր, ինչպես նաև ապահովել, որ հարկադիր կատարողի կողմից տարբեր մարմնիններին իրականացվող հարցումները և դրանց պատասխանները լինեն էլեկտրոնային եղանակով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խնդիրներնժը պահանջում են հրատապ լուծումներ, նախագծերի փաթեթը ճանաչվել է անհետաձգելի: