Ինչու է կրքեր բորբոքել Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը

11/01/2019

Անցած տարեվերջին իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը՝ առիթ դառնալով հասարակական հատվածի ներկայացուցիչների դժգոհության։ Հակակոռուպցիոն գործունեություն ծավալող հայտնի և ոչ այնքան հայտնի գործիչներ նախագծից «քարը քարի վրա չեն թողնում»։

Հասարակական 11 կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հետաքննող լրագրողներ ՀԿ և այլն, հայտարարություն են տարածել և պահանջում են կասեցնել նախագծի ընդունման գործընթացը, հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Արդարադատության նախարարությունն իր հերթին պնդում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ռազմավարությունն այնքան «անպիտան» նախագիծ է, որ դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն իմաստ չունի, ընդհանրապես պետք է զրոյից սկսած փաստաթուղթ ձևավորել։

«Սա միակ փաստաթուղթը կամ միակ բնագավառը չէ, որի հետ կապված նման մոտեցման փաստի ենք առնչվում, օրինակ՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ռազմավարության ծրագիրը նույն վիճակն էր։ Կարծես՝ նախորդ իշխանության գործելակերպի թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով տրամաբնական շարունակության հետ գործ ունենք այն դեպքում, երբ բավականին լուրջ համակարգային խնդիրներ գոյություն ունեն։ Այսինքն՝ ջանք չենք տեսնում, որ ներդրած լինեն, որպեսզի հաշի առնեն իրապես այս հնարավորությունը։ Երբ դիտարկում ենք այսօրվա իշխանության քաղաքական կամքի հնարավորությունները և փաստաթղթի նախագիծը, որը պետք է բխի այդ հնարավորություններից, կամքից, դրանք չեն համապատասխանում։

Սա այն փաստաթուղթն է, որը կարող է գոյություն ունենալ համակարգային փոփոխություններ կատարելուն ուղղված քաղաքական կամքի բացակայության պայմաններում, ինչն ունեցել ենք նախորդ ժամանակահատվածում և հույս էլ չենք ունեցել, որ համակարգային փոփոխություններ կատարելու որոշում կկայացվի։ Շատ մակերեսային մոտեցումների մասին է խոսում այս նախագիծը»,- ասաց Ա.Սաքունցը։

Սկզբնաղբյուրը՝https://168.am/2019/01/09/1065744.html?fbclid=IwAR1nwreYwlPgXJdMjCkwo7uML53UjKC1Uoz3sxGT-knh5Mueh4SgF7jmXRU