Դեպի վեր

Արդարադատության նախարարի հատուկ մրցանակ՝ բանտային կրթության ոլորտին անդրադառնալու համար

14/12/2018

Դեկտեմբերի 13-ին ««Հանրային հայացք՝ փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» թեմայով լրագրողական մրցույթի մասնակից, անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարևորությանն անդրադառնալու համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոդվածագիրը, գտնվելով փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, շարունակում է ստեղծագործել, արարել, սովորել։ «Սա նշանակում է, որ նա վերասոցիալականացվում է և հասարակությանը վերաինտեգրվելու փուլում է։ Նշանակում է՝ նա թունելի վերջում լույս է տեսնում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ հոդվածն ուշադրության է արժանացել նաև այն պատճառով, որ սա իրական պատմություն է մեկ  այլ դատապարտյալի մասին,  որը տառերը սովորել է քրեակատարողական հիմնարկում:

Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել Ծրագրի կազմակերպիչներին մրցույթը կազմակերպելու, փակ հաստատություններին առնչվող խնդիրներին անդրադառնալու համար, ինչպես նաև կարևորել համատեղ մշակված լրագրողական ուղեցույցը՝ ուղղված փակ հաստատություններում մարդու իրավունքների լուսաբանմանը՝ ընդգծելով, որ այն հիմք կհանդիսանա փակ հաստատություններում աշխատող լրագրողների իրավունքների երաշխավորման, ինչպես նաև փակ հաստատությունների գործունեության պատշաճ և մասնագիտական լուսաբանման համար:

Սուրեն Քրմոյանն Արդարադատության նախարարության պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս շարունակել աշխատանքը քրեակատարողական հիմնարկներն ավելի մարդակենտրոն և թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարությունը արժանացել է շնորհակալագրի՝ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին.մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում ցուցաբերած գործուն աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

«Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» լրագրողական նյութերի մրցույթը հայտարարվել էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ մեկնարկած «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության կողմից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն