Արտակ Զեյնալյան. Վատ վերաբերմունքի կանխարգելումն ու անպատժելիության դեմ պայքարը Կառավարության առաջնահերթություններն են

28/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Վերջինի ընթացքում ներկայացվել են հայաստանյան Կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկվել են մարտահրավերները, որոնց բախվում են աշխարհի երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները:

Արտակ Զեյնալյանը շնորհավորել է բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակի կապակցությամբ և անվիճելի համարել այն փաստը, որ այդ գործունեության ընթացքում Պաշտպանն իր ուրույն ներդրումն է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախարարի պաշտոնակատարը հատկանշական  է համարել այն հանգամանքը, որ դրանից անմասն չի մնացել նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների համակարգը, որի շրջանակում արձանագրվել են մի շարք նվաճումներ՝ փաստելով, որ Արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի, նրա աշխատակազմի միջև ձևավորվել է կառուցողական և մարդակենտրոն գործընկերության մթնոլորտ,  որի արդյունքում շահում է մարդը և մարդու իրավունքը:

Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Կառավարության կամքը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, գործուն քաղաքականության մշակման և իրականացման առումով, ինչպես նաև հավաստել, որ վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը և անպատժելիության դեմ պայքարի ամրապնդումն առաջնահերթություններն են: Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ խոշտանգումների կանխարգելման հիմնահարցի շրջանակում նախատեսվում է մշակել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներման, ինչպես նաև այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող իրավական ակտի նախագիծ, ներդրվելու է հարցաքննությունների տեսաձայնագրման ինստիտուտ, ինչպես նաև կատարելագործվելու է խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կառուցակարգը:

Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը կարևորել է  ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրը` ուղղված ՔԿՀ-ներում առողջապահության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և նշել, որ ծրագրի շրջանակում առանձնահատուկ շեշտադրում է արված նաև ազատությունից զրկելու վայրերում խոշտանգման, վատ կամ նվաստացնող վերաբերմունքի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա:

Եզրափակելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը վստահություն է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր սահմանադրական առաքելությանը և մանդատին համահունչ, կշարունակի արձանագրել նորանոր նվաճումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և մշտապես կհավակնի համարվել՝ միջազգային փորձում բացառիկ օրինակ:

Հյաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արդարադատությանը վերաբերող քաղաքականության երկխոսությանը՝ այդ առումով հատուկ շեշտելով Արտակ Զեյնալյանի անունը, որը սկսել է այդ արդյունավետ երկխոսությունը: Այդ համատեքստում դեսպանն ընդգծել է նաև Ստրասբուրգի դիրքորոշումը, ըստ որի՝ մի քանի ամիս առաջ կատարված գործընկերային աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել արձանագրել ռազմավարական այսպիսի երկխոսություն:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանային թիմի ղեկավար տիկին Մարի Ամոսը, այլք:

Նշենք, որ Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրներից և միջազգային կազմակերպություններից: