Դեպի վեր

Հանրային քննարկում ՄԻՊ գործողությունների ծրագրի վերաբերյալ

16/11/2018

ՀՀ  արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը,  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ՄԱԿ-ին հանրային քննարկման կազմակերպանն աջակցելու համար, կարևորել 2017 թվականին հաստատված ծրագրում հանրային քննարկումների պարբերական անցկացման ինստիտուտը ներդնելու քայլը՝ վստահեցնելով, որ ՄԻՊ ոլորտում հանրային քննարկումները նպաստում են քաղաքացիական հասարակության կողմից պետական մարմինների իրագործած աշխատանքի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը անհրաժեշտ է վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ որպես առաջնահերթություն սահմանելով մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: «Այս գործընթացում խիստ կարևորում եմ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և անմիջական մասնակցությունը որոշումների կայացմանը, փոփոխությունների իրականացմանը և համակարգի վերակառուցմանը: Մենք միայն համատեղ ուժերով կարող ենք կյանքի կոչել երազանքի երկիր ունենալու մեր ցանկությունը, որտեղ մարդը իրապես կհանդիսանա բարձրագույն արժեք, իսկ նրա հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը կդիտարկվեն հանրային իշխանության կարևորագույն պարտականություն»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է Գործողությունների ծրագրի վերանայման գործընթաց՝ հնարավորություն ընձեռելով պետական մարմիններին և քաղաքացիական հասարակությանը ներկայացնելու իրենց առաջարկությունները:

Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով նյութականացնել և կյանքի կոչել Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կառավարության տեսլականը:

Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդումը, ինչն էլ արտացոլված է ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության ավելի լայն ընդգրկվածություն մոնիթորինգի և գնահատման գործողություններում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցելու Կառավարությանը ՄԻՊ վերանայված ռազմավորության գործողություններն իրագործելու, ոլորտը էապես բարեփոխելու և նոր ՄԻՊ գործողությունների ծրագրի մշակման հարցում:

Այնուհետև, հանրային քննարկման մասնակիցներին են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի մշտադիտարկման և հաշվետվության համակարգի բարելավմանը վերաբերող զեկույցը, ինչպես նաև Գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ և 2018թ. առաջին կիսամյակների միջոցառումների իրականացման հաշվետվությունները:

Հանրային քննարկումը կշարունակվի նաև նոյեմբերի 17-ին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն