«Յունիբանկ»-ը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը

04/10/2018

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Յունիբանկ» ԲԲ ընկերությունը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ 2016 թվականին ներդրվել է օպերատորների ինստիտուտ, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ: Նախարարի տեղեկացմամբ, այժմ գործող օպերատորների թիվը ինն է. վերջինների կողմից մատուցվում է շուրջ 67 պետական ծառայություն: «Կարևորելով այս ինստիտուտի դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսակետից՝ շարունակական ընդլայնելու ենք օպերատորների ցանկը»,- ասել է նախարար Զեյնալյանը և առաջարկել լրացում կատարել համապատասխան որոշման մեջ՝ գործընթացում ներառելով նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը: Նախարարի խոսքով, ընկերությունն ունի տեխնիկապես հագեցված 35 սպասարկման գրասենյակ, որոնք տեղաբաշխված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, օժտված են կադրային և նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով՝ իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Այսպիսով, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը 9-ից դարձավ 10-ը, որի արդյունքում ծառայություններն առաջիկայում կմատուցեն ավելի քան 130 գրասենյակներ: Օպերատորների կողմից կմատուցվեն օրինակ՝ իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի և այլ ոլորտների ծառայություններ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարության, Միգրացիոն ծառայության, Ոստիկանության կողմից մատուցվողները:

Հիշեցնենք, որ պետական իշխանությունների մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» փակ բաժնետիրական և «Հայէկոնոմբանկ» ու «Աարարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերությունը: