Աշխատանքային քննարկում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

29/06/2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների համար Ծաղկաձորում մեկնարկած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի քննարկմանը: Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, այլք:

Արթուր Հովհաննիսյանը կարևորել է նման ձևաչափով օրենքների քննարկումների կազմակերպումը՝ դրանց կիրարկման ընթացքում միասնական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից, և նշել, որ թե՛ նախագծի մշակման, թե՛ դրա ընդունումից հետո չեն դադարել Օրենքի վերաբերյալ հարցերը: Այդ համատեքստում փոխնախարար Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Օրենքը որոշ ժամանակ անց կվերանայվի: Նախարարի առաջին տեղակալն արդյունավետ և բովանդակալի քննարկում է մաղթել մասնակիցներին:

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ ընտրված թեման չափազանց կարևոր և խիստ արդիական է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի վերաբերյալ մեկնաբանությունները տրվելու են իրավական ակտը մշակած Արդարադատության նախարարության մասնագետների  կողմից: Հիմնադրամի տնօրենը հորդորել է պետական մարմինների ներկայացուցիչներին Օրենքի վերաբերյալ առաջիկայում «գույքագրված» հարցերն ուղարկել Արդարադատության նախարարություն՝ հետագայում իրավական ակտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթներին, նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատմանն ու փորձաքննությանը, հանրային քննարկումների կազմակերպմանը, օրենսդրական տեխնիկայի կանոններին և այլ հարցերի: