Դեպի վեր

Տեղի է ունեցել դատական վիճակագրության վարմանը վերաբերող աշխատանքային քննարկում

15/06/2018

Արդարադատության նախարարությունում  այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով ամրագրված դատական վիճակագրության վարման վերաբերյալ նախապես հայտարարված աշխատանքային քննարկումը:

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացված հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկման նպատակն էր հավաքագրել դատական վիճակագրության վարման ընթացքում գործնականում հանդիպող խնդիրներն ու ստանալ առաջարկություններ՝ դատական վիճակագրության վարման նոր կարգ նախատեսող Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու համար:

Քննարկման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերն արտահայտել են դատական վիճակագրության վարման իրենց հուզող խնդիրները և ներկայացրել գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն միտված կարծիքներ: Հանդիպման ավարտին Արսեն Հովհաննիսյանը հորդորել է մասնակիցներին դատական վիճակագրության վարման քարտի ձևի, բովանդակության և հավաքագրված տեղեկատվության հրապարակման հետ կապված իրենց առաջարկները 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամին՝ դատական վիճակագրությունում նախատեսվող փոփոխություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն