Արդարադատության նախարարն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին

06/12/2017

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է «Human rights watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենանին:

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպանին սերտ համագործակցության համար և գործընկերոջ խնդրանքով անդրադարձել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք կարգավորումներին:

Այդ համատեքստում ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, ներկայացնելով միջազգային որդեգրման ոլորտում առաջարկվող հիմնական բարեփոխումները, նշել է, որ դրանք ուղղված են երեխայի լավագույն շահի պաշտպանությանն ու խնամատարության ինստիտուտում սկզբունքային փոփոխություններ ներդնելուն:

«Human rights watch»-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջազգային կազմակերպության հետ ունեցած երկարամյա կառուցողական համագործակցության համար, այնուհետև նախարարի հետ  անդրադարձել  հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև միջազգային որդեգրումներին վերաբերող մի շարք այլ հարցեր: