Դեպի վեր

Երևանում տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում

05/12/2017

Երևանում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել  «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում:

«Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են դատավորներ և դատախազներ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ Հայաստանում անչափահասների գործեր քննող դատավորների մասնագիտական  վերապատրաստմանն ուղղված առաջին քայլերը  նախաձեռնվել են դեռևս  տարիներ առաջ: Միաժամանակ, Սուրեն Քրմոյանն ընդգծել է երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավման նպատակով շարունակական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ նպատակով քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում մշակված «Երեխաների մասնակցությամբ դատավարական գործընթացների պրակտիկ ուղեցույց» մասնագիտական ձեռնարկը, որտեղ արտացոլվել են  տարբեր կարգավիճակ ունեցող, այդ թվում՝ նաև տուժող և վկա երեխաների հետ կապված վարվելակերպի միջազգային փորձը, ինչպես նաև պրակտիկ խորհուրդներ, այդ թվում՝ հոգեբանական:

Ուղեցույցի վերաբերյալ քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են եղել պրակտիկայում երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերում առկա բացերը վերացնելուն:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվ քննարկման համար և նշել, որ հնչած առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կզետեղվեն ձեռնարկում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն