Դեպի վեր

Արդարադատության նախարար. «Կառավարման համակարգի արդյունավետությունը կբարձրանա միայն ակտիվ քաղաքացիներից կառուցված հասարակության դեպքում»

14/07/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Արդարադատության նախարարը ՀՀ վարչապետի անունից ողջունել է ծրագրի մեկնարկն ու նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է խորը  և անկեղծ համագործակցության: «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Կառավարությունը քաղաքականության մշակման ու դրա իրականացման հիմնական  պատասխանատուն է, սակայն դա ամենևին չի նշանակում մեկուսացում, քանի որ կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միայն ակտիվ քաղաքացիներից կառուցված հասարակության դեպքում»,- ասել է Դավիթ Հարությունյանը և դրա առկայությունը կարևորել հատկապես Հայաստանի պարագայում, որի    հիմնական ռուսուրսը արժանապատիվ, կարող մարդն է:

Նախարարը ծրագիրը կարևորել է նաև նրանով, որ արդյունքում զարգացվելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  կարողությունները՝ ուղղված փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն և հասարակական վերահսկողություն իրականացնելուն, որն ըստ նախարարի՝ հեշտ չէ: «Շատ ավելի հեշտ է քննադատելը, քան մասնակցելը քաղաքականության մշակմանը»,- նշել է Դավիթ Հարությունյանը և կրկին հավաստիացրել, որ Կառավարությունը պատրաստակամ է  իրական գործով լծվելու այս աշխատանքին:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն