Դեպի վեր

Արդարադատության նախարարը մասնակցել է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար նախատեսված աշխատասենյակի բացմանը

07/06/2017

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 7-ին Հայաստանի Փաստաբանների պալատում մասնակցել է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով կառուցված աշխատասենյակի բացման արարողությանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ պալատում կատարված շրջայցի ժամանակ նախարարին են ներկայացվել կառույցի աշխատանքները:

 Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու աջակիցներին նման աշխատանք կատարելու համար և ընդգծել, որ փաստաբանները սոցիալական պատասխանատվություն են կրում իրենց մասնագիտական կարողությունները հօգուտ հանրությանը ծառայեցնելու առումով:

 Նախարարի խոսքով, Pro Bono (անվճար) օգնությունը, որը ծագել է 19-րդ դարում, այնուհետ զարգացումը ստացել եվրոպական երկրներում, այժմ արդեն կտարածվի նաև Հայաստանում:  «Սա խոսում է այն մասին, որ  խնդիրները, որոնք առկա են, դրանք գիտակցվում են ու դրանց լուծման ուղղությամբ անընդհատ նոր քայլեր են կատարվում: Ցանկացած զարգացող պետությունում, իսկ ես դիտում եմ, որ Հայաստանում արդարադատության ոլորտը զարգացող է, նման խնդիրներ անընդհատ ծագելու են, և շատ ուրախ եմ, որ Փաստաբանների պալատն այդ առումով արդեն առաջ է գնում և լուծումներ գտնում: Սա ընդամենը ճանապարհի սկիզբն է»,-ասել է Դավիթ Հարությունյանը և հավելել, որ առավել հաջողակ են համարվում այն երկրները, որտեղ փաստաբանական ընկերությունները նման ծառայություններ են մատուցում:

 Նախարարն ի պաշտոնե վստահեցրել է, որ գործադրելու է բոլոր ջանքերը, այս նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու և զարգացնելու ուղղությամբ:

 Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին միջոցառմանը մասնակցելու համար և տեղեկացրել, որ ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Էզեգելյանի օժանդակությամբ հիմնված ու անհատույց տրամադրվող այդ աշխատասենյակը երիտասարդ փաստաբանների աշխատանքային գործունեության համար լավ մեկնարկ կապահովի: «Միակ պայմանը, որ դրվելու է մեր գործընկերների առջև՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն է մեր քաղաքացիներին»,- նշել է պալատի նախագահը:

 Նշենք, որ յուրաքանչյուր շահառու իրավունք կստանա աշխատասենյակից օգտվել մեկ կիսամյակ ժամկետով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն